ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ-Ն ԱՐԳԵԼԵՑ, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏՈՒԳԱՆԵՑ

2014թ. մարտի 14-ին ՀՀ ՏՄՊՊՀ-ն արգելեց Գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Հելվելեքս» եւ «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերություններին միավորվել: Բանն այն է, որ ընթացիկ տարվանից ՀՀ ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն է սահմանել համակետրոնացումների նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն էր թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը եւ գերիշխող դիրքի ամրապնդումը: ՏՄՊՊՀ էր դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը եւ խնդրել է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար: Ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեյցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որեւէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին եւ չի բացառվում, որ գործարքը կեղծ է: Արդյունքում ՏՄՊՊՀ որոշեց արգելել համակենտրոնացումը: Բացի «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյանի» գործարքը չկայանալուց, այն հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա ապրիլ ամսին «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյանի տնօրեն Վարդան Վարդանյանը 8 ամփոփագրով Հայաստան է ներմուծել մետաղական գլանաձեւ տարողություններ, որոնք այդպես էլ չի հայտարարարագրել եւ հունիսի 23-ին տուգանվել է 50.000 դրամով:

ԻՍՈՅԻՆ ԼԱՎ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի (Թեւոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսոյի) շահերն այլեւս չի պաշտպանի Գայանե Գալոյանը: Իսրայելի հարազատները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Իսոյի գործը լավ ընթացքով չի գնացել եւ իրենք փոխել են պաշտպանին: Հիշեցնենք, որ 2014 հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա եւ արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ 235 հոդվածով: Այս գործով կա եւս մեկ կալանավոր, ով Արթուրի սանիկ Տիգրանն է:

ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանը չի կարող ոչինչ ասել՝ ինքն է լինելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը, թե ոչ. «Ես ժամանակավոր պաշտոնակատար եմ եւ ոչինչ ասել չեմ կարող: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, թե հունիսի 9-ին, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն ազատվեց աշխատանքից՝ պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, մեզ տեղեկություններ հասան, որ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վարուժան Եղիազարյանը կլինի ՔԿՀ-ի նոր պետը:




Լրահոս