Կոտայքի մարզի Գառնի գյուղում, սույն թվականի հուլիսի 3-ին, ինքնասպան եղած 26-ամյա Լեւոն Կարապետյանի հարազատները դեպքից հետո պարզել են երիտասարդի ինքնասպանության դիմելու պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոնի հորեղբորորդին պատմեց, որ սիրած աղջիկը նրան նեղացրել է, վատ վիճակի է հասցրել:
Այն, որ յուրաքանչյուր ինքնասպանություն ունի իր դրդապատճառները, հասկանալի են բոլորին, սակայն նկատենք, որ ոչ բոլոր դեպքերում են դրանք բացահայտվում, թե ինչ հանգամանքներում եւ ինչի համար են մարդիկ գնում այդ քայլին: Որոշ դեպքերում, օրինակ, ինքնասպանություն գործած անձինք գրություն են թողնում, որ իրենց արարքի համար ոչ ոքի չմեղադրեն, իսկ մի մասն էլ ծանր հիվանդությունից կամ սոցիալական վիճակի վատթարանալուց հետո նախընտրում է վերջ տալ կյանքին:
Իսկ թե ինչ էր կատարվել հուլիսի 3-ին Գառնի գյուղում, փորձեցինք պարզել Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանից եւ ինքնասպան եղած Լեւոնի հորեղբորորդի Վարդան Կարապետյանից:
Եվ այսպես, 26-ամյա Լեւոն Կարապետյանը, ով ընտանիքի միակ արու զավակն էր եւ ուներ մեկ քույր, հուլիսի 3-ի վաղ առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, ով Լեւոնի ընտանիքի հետ բարեկամական կապ ունի, պատմեց, որ տղային կախված գտել են սեփական տան լոգարանում:
«Բարձրագույն կրթություն ուներ, սովորել էր Ագրարային համալսարանի կառավարման ֆակուլտետում: Մասնագիտությամբ չէր աշխատում, գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Ամուսնացած չէր, շատ դրական բնութագրվող ընտանիքի զավակ էր. հայրը մեղվապահ է, միջին ապրող ընտանիք են»,-մեզ հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը:
Ըստ գյուղապետի՝ 26-ամյա երիտասարդն ալկոհոլի հետ սեր չի ունեցել, կապ չի ունեցել նաեւ կրոնական որեւէ կազմակերպության հետ: Մեր հարցին՝ ինչը կարող էր լինել երիտասարդի ինքնասպանության պատճառը, գյուղապետը պատասխանեց, թե որեւէ վարկած չի պտտվում: Նշենք նաեւ, որ Լեւոնի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել եւ նա կատարած քայլից առաջ որեւէ գրություն չի թողել:
Մինչ համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը վստահեցնում էր, թե առայժմ հայտնի չէ, թե ինչը կարող էր լինել տղայի ինքնասպանության պատճառը, ըստ Գառնիում տարածված տեղեկությունների՝ Լեւոնն ինքնասպան է եղել հանուն սիրած աղջկա: Գյուղում պտտվող լուրերի համաձայն՝ Լեւոնը սիրել է մի աղջկա, սակայն ե՛ւ Լեւոնի, ե՛ւ իր սիրած աղջկա ընտանիքները դեմ են եղել նրանց հարաբերություններին:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Լեւոնի հորեղբորորդու՝ Վարդան Կարապետյանի հետ, ով պատմեց, ըստ իրեն, դեպքի մանրամասները. «Մենք արտակարգ տղա ենք ունեցել, նա ոչ մի խնդիր չի ունեցել: Գառնեցիների կողմից հարգված տղա, բայց, ցավոք, ընկավ մի լրբի ձեռքը, ով այնքան վիրավորեց, նեղացրեց Լեւոնին եւ նա գնաց այդ քայլին»:
Ըստ մեր զրուցակցի՝ Լեւոնի սիրած աղջիկը գառնեցի է եղել. «Մոտ մեկ տարի երկու ամիս ընկերություն են արել, նա մեր տղային խիստ վիրավորել է: Այս մասին մենք նոր ենք իմանում, մինչ այդ չենք իմացել, որ Լեւոնն այդ աղջկա հետ կապ է ունեցել, մահվանից հետո նոր ենք իմացել, թե ինչ է կատարվել Լեւոնի հետ: Լեւոնի ծնողներն էլ չեն իմացել, որ նա սիրահարված է եղել այդ աղջկան: Դեպքի գիշերը նա շատ տխուր է եղել, հեռուստացույց է նայել, իսկ ավելի ուշ արդեն նրան գտել են պարանով լոգարանից կախված»:
Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, Լեւոնի սիրած աղջիկն, իմանալով դեպքի մասին, ուշագնաց է եղել, սակայն Վարդանի խոսքերով՝ նա դերասանություն է արել, թե իբր ծանր է տարել կատարվածը:
Տղայի հարազատները մինչ օրս չեն կարողանում կատարվածից ուշքի գալ եւ նրանց համար մինչ օրս հանելուկ է մնում, թե ինչ աստիճանի է Լեւոնը վիրավորված եղել, որ գնացել է այդ քայլին. «Չգիտեմ, մենակ այսքանը կարող եմ ասել»,-ասաց մահացածի հորեղբոր տղան:
Ոստիկիանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ