ԵՐԿՐԱՇԱՐԺ` ՆԱԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
Հուլիսի լույս 7-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 10 րոպեի սահմաններում արձանագրված երկրաշարժը զգացվել է նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պետական ծառայության տարածած հաղորդագրության` Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Այդ հաղորդագրության մեջ Տավուշի մարզի մասին խոսք չկա: Մինչդեռ Նոյեմբերյան քաղաքում երկրաշարժը թույլ չէր, այն կարող էր լինել մոտավորապես 3-4 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումից արթնանալով՝ նոյեմբերյանցիներն անհանգիստ գիշեր անցկացրին: Թեեւ Նոյեմբերյանում խուճապ չկար, սակայն հուլիսի 7-ին քաղաքում լուրեր էին տարածվել այդ օրը՝ կեսօրից հետո սպասվող նոր ցնցման մասին: Ի դեպ, նման լուրեր տարածվել էին նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում:
ՀՐՇԵՋԻ 2 ՀԱՍՏԻՔ ԿՏԱՆ
2011թվականի օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում օծվեց մոսկվաբնակ գործարար Վազգեն Վանեսյանի եւ նրա ընկերների միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ օրը Մոսկվայում բնակվող մովսեսցիների կողմից գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա, որը, սակայն, մինչ օրս անգործության է մատնված` հրշեջ անձնակազմի բացակայության պատճառով: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ մեքենան գործարկում եւ դրանով գյուղում քանի՞ հրդեհ է մարվել: Գյուղապետն ասաց, որ այդ ընթացքում, բարեբախտաբար, գյուղում հդեհներ չեն եղել, եւ հրշեջ մեքենան կանգնած է համայնքապետարանի շենքի մոտ՝ իր աշխատասենյակի դիմաց: Ա. Ավալյանը հայտնեց, որ այդ մեքենան աշխատեցնելու, հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար անցած 3 տարում գյուղից ոչ ոք վերապատրաստման չի մասնակցել, քանի որ այդ նպատակով հաստիքներ չեն հատկացվել: Մեր հարցին, թե ինչու այդ խնդիրը չի բարձրաձայնվել հուլիսի 5-ին Մովսես այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, Ավալյանը պատասխանեց, որ դրա կարիքը չկար, քանի որ այդ խնդիրն արդեն լուծված է. «Մովսեսի հրշեջ մեքենան սպասարկելու համար տրվելու է 2 հաստիք: Այդ աշխատողները համարվելու են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ»,-տեղեկացրեց գյուղապետը: Նշենք, որ Մովսեսը Բերդ քաղաքից հեռու է մոտ 20 կմ, եւ հրդեհի ահազանգի դեպքում նախկին շրջկենտրոնից հրշեջները կարող են ժամանել մոտ 25 րոպե անց միայն: Գյուղապետ Ավալյանի վստահեցմամբ` Մովսեսի հրշեջ մեքենան ու նոր ստեղծվելիք հրշեջ անձնակազմը հարկ եղած դեպքում կսպասարկեն նաեւ հարակից գյուղերին՝ Նորաշենին, Չորաթանին եւ այլ բնակավայրերի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ