ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների՝ ընտրությունների ժամանակ անցկացրած «հայրենանվեր միջոցառումները» ոչ միայն պարզ ու հասկանալի են Հայաստանի սովորական քաղաքացիների, այլեւ միջազգային հանրության ներկայացուցիչների համար: Որքան էլ իշխանությունները ճոռոմաբանեն ազատ ու արդար ընտրությունների մասին, միեւնույն է՝ վերջում ստացվում է «ինչպես միշտ»: Հատկանշական է, որ այս մասին համապատասխան զեկուցագիր է կազմել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինիս ուղարկած զեկուցագիրը գտնվում է «Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերի շարքում ու պատմում է Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններում իշխանությունների իրականացրած ընտրակեղծիքների ու մեքենայությունների մասին:

Սույն փաստաթղթի առկայությամբ իսկ փաստվում է, որ միջազգային հանրությունը ոչ միայն քաջատեղյակ է ընտրական խարդախություններին, այլեւ ուղղակիորեն չի հավատում իշխանությունների հաղթանակներին ու ազատ ընտրությունների մասին հեքիաթներին: Այսպես. դիվանագետը արձանագրում է, որ «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս բավականին տարօրինակ ու հետաքրքիր պատկերի ականատեսը դառնալ»: Ամերիկացին հայտնում է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ Տեղական ընտրական հանձնաժողովներում ընտրողների բարձր մասնակցությունը ուղեկցվել է խախտումներով: Հեղինակը պարզաբանում է, որ սա հատկապես ակներեւ է 7-րդ եւ 8-րդ ընտրատարածքներում՝ «աղմկահարույց Մալաթիա-Սեբաստիա համայնքը ներառող»: Պարզվում է՝ ԱՄՆ դեսպանությունը բավականին քաջատեղյակ է այս ընտրատարածքում իշխանությունների արկածախնդրություններից, անգամ մի շարք փաստաթղթերում հստակ հնչեցնում է կոնկրետ անուններ՝ հանձին Սամվել Ալեքսանյանի:
Ամերիկացի դիվանագետին բավականին տարօրինակ են թվացել հատկապես Հայ ազգային կոնգրեսի գրանցած արդյունքները: Ըստ նրա՝ ՀԱԿ-ին վերագրված թվերը ցույց են տալիս, որ այս քաղաքական ուժը բարձր արդյունքներ ունի միայն այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը քիչ է եղել: Դիվանագետը հանգում է այն եզրակացության, որ դրա «հիմնական պատճառն այն է, որ այս ընտրատեղամասերը չեն եղել ընտրախախտողների հիմնական թիրախները: Բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հաղթել է Երեւանի 439 ընտրատեղամասերից միայն 5-ում՝ ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, երբ բացարձակ հաղթանակ էր տարել ավելի քան 80 տեղամասերում»: Փենինգտոնը շեշտում է, որ որոշ տեղամասերում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 70, 80 եւ անգամ 90 տոկոսը: Ցույց տալով իր ակնհայտ թերհավատությունն այս ամենին՝ դիվանագետը նկատում է, որ «եթե ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեր 66 ընտրատեղամասերի արդյունքները, ապա ՀՀԿ ձայները 47 տոկոսից կիջնեին 42 տոկոսի, ինչն արդեն կասկածի տակ է դնում նրանց հաղթանակի իրական չափը»:
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ «ամենաբարձր քվեարկութունն արձանագրած ընտրատեղամասերում (1,7,8,11,12) պատահականորեն այնպես է «համընկել», որ հաղթել է ՀՀԿ-ն»: Իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ի ստացած ձայները ցույց են տալիս, որ նա ստացել է ձայների մեծամասնությունն այնտեղ, որտեղ մասնակցությունը եղել է քիչ, իշխանությունների ներկայացուցիչների կեղծիքների մասին հրապարակումներ էլ չեն եղել: Հետաքրքիր է, որ բոլորի աչքի առաջ իրականացրած խախտումների ու «երջանիկ զուգադիպությունների» փաստերով հանդերձ՝ իշխանությունները չեն խորշում խոսել ազատ ու թափանցիկ ընտրություններից: Հայաստանը խայտառակելով ու երկրի հեղինակությունը շարունակաբար գցելով հանդերձ՝ նրանք հենց իրենց են դնում ծիծաղելի վիճակի մեջ, երբ այս եւ այլ դիվանագետների հետ հանդիպումներում խոստանում են մաքուր ընտրություններ, իսկ քվեարկության օրը ապացուցում իրենց խոսքերի՝ գրոշի արժեք չունենալը: Եվ այս պարագայում բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա դիվանագետները ոչ հարգում են նման իշխանություններին, ոչ էլ այն երկիրը, որը սրանք «պատիվ ունեն» ներկայացնելու: Այսքանից հետո մի՞թե կարելի է զարմանալ եվրոպացիների վերաբերմունքի, Պուտինի արհամարհանքի ու Նազարբաեւի քամահրանքի փաստերից:
Փաստաթղթի ավարտին Փենինգտոնը հանդես է գալիս ծավալուն մեկնաբանությամբ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Թվում է՝ բավականին պատահական է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ է ստացել, այդտեղ քվեարկողներն ավելի շատ են եղել: Հարկ է նկատել, որ այդպիսի մասնակցությունները անհավանականորեն բարձր են՝ հատկապես հաշվի առնելով ընտրությունների՝ քաղաքային լինելու փաստը: Բավականին լուրջ պատճառներ կան եզրակացնելու, որ ՀՀԿ-ն կենտրոնացրել է իր ընտրական մեքենայությունները կոնկրետ ու թիրախավորված տեղամասերում՝ ամբողջ Երեւանով մեկ իր ուժերն ու ջանքերը սփռելու փոխարեն: Այսուհանդերձ, մենք երբեք չենք իմանա, թե ՀՀԿ-ն քանի ձայն ունի իրականում եւ որքան է ձեռք բերել կեղծիքների արդյունքում: Մենք, այնուամենայնիվ, չենք կարող հավատալ, որ ՀՀԿ-ն հաղթել է ազատ ընտրությունների արդյունքում ու ստացել է ավելի քան 40 տոկոսը, որ նրան պետք է քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածուին նշանակելու համար: Մենք նաեւ չենք հավատում, որ ՀԱԿ-ը հաղթել է միայն 5 ընտրատեղամասում՝ հաշվի առնելով այս ուժի՝ 2008թ. նախագահական ընտրություններում ունեցած տպավորիչ արդյունքները»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս