ՑԼԱՄԱՐՏԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ավանդական ցլավազքը կամ ֆիեստան, որը դիտելու է հավաքվել մի քանի հազար մարդ։
Մարդիկ հավաքվել են հյուսիսային քաղաքի գլխավոր հրապարակում, ինչպես նաեւ նեղլիկ փողոցների երկայնքով։ Միջոցառումը, որը հաճախակի դառնում է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ, կտեւի 1 շաբաթ։ Նշենք, որ 1924թ. ի վեր իսպանական ֆիեստան դարձել է 15 մարդու մահվան պատճառ, իսկ ինչ վերաբերում է կենդանիներին, ապա ամեն տարի սպանվում է միջինը 45 ցուլ։ Այս տարի ֆիեստայի տոնակատարությունների ժամանակ Պամպլոնայի փողոցներում կարգուկանոնը կպահպանի 3.500 ոստիկան։
Pink Floyd-Ի ՆՈՐ ԱԼԲՈՄԸ
Բրիտանական հանրահայտ «Pink Floyd» խմբի վերջին 20 տարվա առաջին ալբոմը՝ «The Endless River»-ը, վաճառքի կհանվի 2014-ի հոկտեմբերին: «Pink Floyd»-ի առաջնորդ Դեւիդ Գիլմորի կինը՝ Փոլի Սամսոնը, իր Twitter-ում գրել է, որ նոր սկավառակի համար երգերը պատրաստվել էին դեռեւս 1994 թվականին՝ «The Division Bell» ալբոմի վրա աշխատանքների ժամանակ: Խմբի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ի աջակցություն ալբոմի՝ դեռեւս հյուրախաղեր ծրագրված չեն:
ՎԵՐՋԱՊԵՍ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը Կալիֆոռնիա նահանգի Սան Իսիրդո գեղատեսիլ ռանչոյում շաբաթ օրն ամուսնացել է իր սիրեցյալի՝ Էրիկ Ջոնսոնի հետ։ Երկար սպասված արարողությանը ներկա է գտնվել 250 մարդ։ Աստղային հյուրերի շարքում են եղել երգչուհի Էշլի Սիմփսոնն ու դերասանուհի Ջեսիկա Ալբան։ Նշենք, որ նորապսակներ Սիմփսոնն ու Ջոնսոնն արդեն ունեն 2 երեխա՝ աղջիկ ու տղա, ովքեր եւս ներկա են եղել ծնողների պսակադրությանը։
ՄԵՐԿ ԿԻՆ` ԳԻԲՍՈՆԻՆ
Չեխիայում մեկնարկել է «Կառլովի Վարի»-ի 49-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացումը նշանավորվել է հոլիվուդյան կինոաստղ Մել Գիբսոնին Բյուրեղյա գլոբուսի հանձնմամբ: Այս մրցանակը տրվում է ի նշանավորում համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի:
Մերկ կնոջ տեսքով արձանիկն ընդունելով՝ Գիբսոնը կատակել է, թե ինքը միշտ նման բան է ուզել՝ գունդ բռնած մերկ կին:
118 ՏԱՐԵԿԱՆ ՍԵՆԴՎԻՉ
Բրիտանական Լանկաիր քաղաքում արտասովոր հայտնագործություն են արել: Քաղաքային եկեղեցու ղեկավարությունը որոշել է եկեղեցական երգեհոնը մասերով վաճառել, եւ երգեհոնի ներսում հայտնաբերել է սենդվիչ, որը 118 տարեկան է: Ընդ որում, սենդվիչը հոյակապ պահպանվել է: Սենդվիչի տարիքը որոշվել է շատ պարզ եղանակով: Բանն այն է, որ այն փաթեթավորված է եղել «Stockport Advertiser» թերթի համարի մեջ, որը հրատարակված է եղել 1896 թվականին: Հավանաբար, սենդվիչը պատկանել է այն բանվորներից մեկին, ով տեղադրել է երգեհոնը: Երաժշտական գործիքը սեփականատերերը որոշել են վաճառել Գերմանիայից մի անանուն գնորդի, ով խոստացել է դրա դիմաց 1,7 հազար ֆունտ ստեռլինգ վճարել (գրեթե 3 հազար դոլար): Արդյոք «զառամյալ» սենդվիչը վաճառվելո՞ւ է երգեհոնի հետ, դեռեւս հայտնի չէ: