ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` այլեւս դժվար է թաքցնել այն հանգամանքը, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը կախակայվել է Ղարաբաղի պատճառով: Չնայած Աստանայից հետո իշխանությունների պնդումներին, թե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, եւ Ղարաբաղի հարցը այդ շրջանակներում չի լուծվում, այսօր արդեն կասկածից դուրս է, որ հենց Ղարաբաղն է այն գինը, որը ԵՏՄ անդամները` Ռուսաստանի գլխավորությամբ, ստիպում են վճարել անդամակցության դիմաց:
Իհարկե դա ամենեւին չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները տեղի են տալիս կամ երբեւէ կտան: Սակայն մյուս կողմից էլ` հարց է, թե ինչպիսի կորուստների գնով հնարավոր կլինի դիմագրավել այդ ճնշումներին: Իսկ որ իրավիճակը փակուղայինին մոտ է` փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցության հարցը մնում է հայտնի ֆիլմից թեւավոր դարձած «ռսի պոսլեզավտրա»-ի հույսին: Ի սկզբանե նշված հուլիսի 1-ը դարձավ «հուլիսի 3-ին Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո», ապա առաջիկա հոկտեմբեր, հիմա էլ` արդեն խոսվում է տարեվերջի մասին:
Ավելին՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը «ԵվրազԷս» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, ով համարվում է Կրեմլին մոտ կանգնած շրջանակների խոսափող, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը հնարավոր է՝ առհասարակ այս տարվա ընթացքում չկայանա: Եվ պատճառն, ըստ նրա՝ Ղարաբաղի հարցն է, որն «արգելափակեց անդամակցության գործընթացը»:
Տեսակետ կա, որ սա Հայաստանի համար այդքան էլ վատ տարբերակ չէ, քանզի ստացվում է, որ մենք ռուսներին դեմ չգնացինք, նրանք իրենք չցանկացան մեր անդամակցությունը: Խնդիրն այն է, սակայն, որ հանուն անցանկալի այդ կարգավիճակի, մենք վերջին պահին դավաճանեցինք Եվրոպային, որն այս ընթացքում իր սահմաններն ընդլայնեց մինչեւ մեր հարեւան Վրաստան:
Եվ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի «եւ-եւ»-ի քաղաքականությունն իրագործվում է, այն տարբերությամբ, սակայն, որ այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի մեկուսացման մասին ե՛ւ ԵՏՄ-ից, ե՛ւ ԵՄ-ից: Եթե, իհարկե, առաջիկայում չկայանա Պուտին-Սարգսյան նոր հանդիպում, որը դառնա մի նոր «սեպտեմբերի 3»` այս դեպքում, սակայն, շատ ավելի ճակատագրական հետեւանքներով:
Առավելեւս, որ այս ընթացքում մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում ինչպես ռուս-ադրբեջանական, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերություններում, որոնց դիմագրավելու Հայաստանի ներուժն այսօր գրեթե զրոյական է: Եվ միանգամայն տեղին է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ երեկ հնչեցրած ահազանգը, թե «Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»:




Լրահոս