ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻՉԻ ՄԱՐԴՈՒՆ՝ ԵՐԿՈՒ ՊԱՇՏՈՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում պատրաստվում է նոր նշանակումներ իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ այդ նշանակումների հարցը քննարկման փուլում է գտնվում: Հ. Թովմասյանը նախ մտադիր է իր տեղակալ Արթուր Ապրեսյանին «գործուղել» Աժ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Այժմ քննարկվում է նրան վարչությունում խորհրդատու նշանակելու հարցը: Իսկ իր մյուս տեղակալ Էրիկ Մինասյանին միաժամանակ նշանակել նաեւ վարչապետի խորհրդական նշանակված Աժ գործերի նախկին կառավարիչ Համիկ Մկրտչյանի փոխարեն, այսինքն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ գործերով կառավարիչ: Մեր տեղեկություններով՝ քանի որ Է. Մինասյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարեկամն է ու հովանավորյալը, որոշվել է նրան երկու պաշտոն «նվիրաբերել»:

ԵՐԵՎԱՆԸ ՔՈ ԴԱՐԴՈՎ, ԴՈՒ՝ ԵՐԵՎԱՆԻ

Օրերս «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ Սիթի սերվիս» ընկերությունն աճուրդի է հանվել: Նախնական գին, սակայն, չի սահմանվել: Երեկ, մեզ հետ զրույցում, ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հայտնել էր, որ այս պահին հետաքրքրվողներ կան, սակայն բանակցություններ դեռ չեն սկսվել: «Ոլորտում գործող որոշ կազմակերպություններ արդեն հետաքրքրվում են»,- ասաց Վ.Հարությունյանը: Հիշեցնենք, որ, ինչպես հայտարարել էր տնօրենը, եթե հանրությունը կարծում է, թե իրենք գերշահույթ են հետապնդում, ապա իրենք պատրաստ են վաճառել ընկերությունն այն դեպքում, եթե իրենց ներդրումները հետ տրվեն: Իհարկե չի բացառվում, որ այս քայլով որոշակի մանիպուլյացիաներ են փորձում անել ընկերության իրական տերերը, քանի որ հանրության դժգոհությունն արդարացիորեն օր օրի ավելանում է, արդեն մարդկանց շքամուտքերն են կարմիր գծերի մեջ առել: Երեկ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս փորձել էր պաշտպանել քաղաքը կարմիր գծերով «բլոկադայի»մեջ առած ընկերությանը՝ ասելով, որ «երեւանցիների դարդ ու ցավը իմ դարդ ու ցավն է: Ես չեմ ուզենա էդ հարցերին շատ անդրադառնալ, քանի որ դա իրենց անձնական կարծիքն է, բայց մեր քաղաքը գնում է դեպի զարգացման, եւ մենք բոլորս միասին պետք է կարողանանք ստեղծենք էդ հարմարավետությունը եւ այն մոտեցումները, որն ամբողջ զարգացած երկրների զարգացած քաղաքներում կա»: Սակայն աշխարհի երեւի ոչ մի զարգացած քաղաքում մի կերպ երկկողմանի երթեւեկություն ապահովող փողոցում երկկողմանի կարմիր գծեր չեն քաշում, ինչպես, օրինակ, Պուշկինի անվան փողոցում, որտեղ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրերս, հրշեջ ծառայության մեքենան չէր կարողանում անցնել, եւ խցանել էր ողջ երթեւեկությունը:




Լրահոս