Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է տվել հանցագործության մասին:
Հադորդման մեջ, մասնավորապես, ասված է. «2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքներով: Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։
Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, եւ որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից ներկայացնում եմ սույն հաղորդման հետ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը»,-նշել է Հ. Մանուկյանը:
Այնուհետեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հենց ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է եղել իրենց կուսակցին հավաքագրողը, բայց այդ տեղեկությունը հերքեց ե՛ւ նախարարը, ե՛ւ ինքը` Հ. Մանուկյանը:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, որ այսօր ԱԱԾ-ում աշխատողների 90 տոկոսը երիտասարդ տղաներ են, ովքեր կոպեկներով իրենց ընտանիքներն են պահում. «Ես մշտապես ասել եմ, որ առաջին հերթին պետք է բարձրացնել այդ մարդկանց աշխատավարձը, այս երկրի թալանողներից հավելյալ միջոցներ գտնել ու դա տալ ԱԱԾ այդ աշխատակիցներին, որպեսզի մարդիկ կարողանան գոնե իրենց գործով զբաղվել, դա այսօր առաջին հարվածն է ԱԱԾ-ին: Որովհետեւ, երբ մարդ արարածի ուղեղի կեսը մտածում է, թե ինչպես պետք է պարտքը փակի, այդ աշխատակիցն ի վիճակի չէ իրեն լիարժեքորեն նվիրել աշխատանքին»:
Մեր զրուցակիցը նշեց, որ պետք է նախ եւ առաջ պարզել, թե ինչու է ԱԱԾ աշխատակիցը նման կերպ վարվել, իսկ ինչ վերաբերում է հավաքագրման գործառույթին, ապա ըստ Գ. Եղիազարյանի` դա օրինական է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ