«ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆԱԵՎ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխության եւ դրես-կոդի սահմանման հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում են, որպեսզի ԱԺ մուտք գործող լրագրողներն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունենան: «Ժողովուրդ»-ը զրուցել է մի քանի լրատվամիջոցների խմբագիրների եւ ԱԺ պատգամավորներից մեկի հետ` պարզելու նրանց տեսակետն առաջարկվող փոփոխությունների շուրջ:

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
-Տիկին Սեյրանյան, Ձեր գնահատմամբ` որքանով են տեղին ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողների համար դրես-կոդի եւ հնգամյա աշխատանքային փորձի պահանջները:
-Ես կողմնակից եմ այն առումով, որ դա նորմալ էթիկայի կանոն է, եթե լրագրողներ կան, որ չեն գիտակցում, թե ինչ տեսքով են մուտք գործում խորհրդարան, ապա նման որոշում կայացնելը նորմալ է: Որովհետեւ լրագրողները հաճախ պահանջներ են ներկայացնում. օրինակ՝ պահանջում են, որ պատգամավորն իրեն կոռեկտ պահի, կոռեկտ խոսի, տգեղ չնստի, չքնի, չհորանջի եւ այլն, նույնը իրենցից էլ է պահանջվելու: Այսինքն՝ ինչ հագուստով, ինչ բացվածքներով ասես` կարող են մտնել խորհրդարան, դա կոռեկտ չէ: Լինում են դեպքեր, երբ լրագրողներն են նման բաների համար քննադատում պատգամավորներին ու աշխատակազմին…: Իսկ ինչ վերաբերում է ստաժին` դարձյալ կողմնակից եմ, որովհետեւ դա որոշակի կարգավորող դեր կունենա:
-Ոմանց կարծիքով՝ 5 տարվա փորձառության պահանջը չափազանց է: Չե՞ք կարծում, որ իրոք 5 տարին փոքր-ինչ շատ է:
-Չեմ կարծում: ԱԺ լուսաբանող լրագրողի համար դա կարեւոր է: Այդ դեպքում նա կգիտակցի, որ ԱԺ գնում է ոչ թե միջանցքներում փսփսոցները լուսաբանելու, այլ իսկապես օրենսդրական նախաձեռնությունների վրա կենտրոնանալու, դրանք լուսաբանելու համար: Մենք շատ հաճախ ականատես ենք լինում, երբ լրագրողները գնում են ԱԺ, որը օրենսդիր մարմին է, բայց որեւէ օրենսդրական նախաձեռնության, որեւէ օրենքի մասին նյութ չես կարդում, այլ կարդում ես, թե ով ում ականջին ինչ ասաց, ով ում հայհոյեց: Կարծում եմ` այս դեպքում դա չի լինելու:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
-Տիկին Օհանյան, Դո՛ւք ինչպես եք վերաբերվում ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրողների համար դրես-կոդի եւ 5 տարվա աշխատանքային փորձառության պահանջներին:
-Ես կարծում եմ, որ դա խմբագիրների իրավասությունն է, թե ում կուղարկեն խորհրդարան, դա, ի վերջո, մեր խնդիրն է` ունենալ կոմպետենտ, լուրջ լրագրող եւ դա բոլորովին ԱԺ աշխատակազմի ղեկավարի իրավասությունների մեջ չի մտնում: Եվ այդ առումով կարծում եմ՝ դա իշխանազանցություն է ու մեր իրավասությունների ոլորտ մտնելու փորձ: Իսկ ինչ վերաբերում է դրես-կոդին, ապա դա էլ, ճիշտն ասած, անձի իրավունքների ոլորտ ներխուժել է նշանակում, որովհետեւ, ի վերջո, լրագրողներն անչափահաս չեն, դպրոցականներ չեն ու իրենք պետք է որոշեն, թե ինչ տեսքով մտնեն խորհրդարան: Եթե նման սահմանափակում պետք է մտնի, ուրեմն ԱԺ մտնող ցանկացած անձի հետ կապված պետք է նման դրես-կոդ սահմանվի` ԱԺ պատգամավորների, նրանց քարտուղարուհիների, օգնականների համար եւ այլն: Ու, ընդհանրապես, եթե Հրայր Թովմասյանը եւ ԱԺ նախագահն ուզում են կարգուկանոն սահմանել, պետք է նախեւառաջ իրենց կոնտինգենտի հետ մի քիչ աշխատանք տանեն ու փորձեն իրենց բառապաշարը, պահվածքը, աշխատանքի ներկայանալու կարգուկանոնը մշակել ու պարտադրել այդ պատգամավորներին:
-Այսինքն, կարելի՞ է ասել, որ այդ նախաձեռնությունը բոյկոտվելու է Ձեր կողմից:
-Ես չեմ կարծում, որ իրենք կգնան այդ քայլին, այդ խոսակցությունները մի քիչ էլ մենք ենք շիկացնում: Վստահ եմ` կհասկանան, որ այդ անհեթեթությունը չեն կարող կյանքի կոչել:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
-Տիկին Իսրայելյան, ըստ Ձեզ՝ պե՞տք է ԱԺ-ում դրես-կոդ սահմանել ու լրագրողների համար 5 տարվա աշխատանքային փորձառության պահանջ դնել:
-Ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ դա խմբագիրների խնդիրն է: Ուղղակի իրենք կարող էին հավատարմագրման կարգում ոչ այդպես իմպերատիվ պահանջ ներկայացնել, այլ խորհրդապահական ձեւով ասել, որ լավ կլիներ, կամ խրախուսվում է, որ առավել փորձառուները լինեն ԱԺ-ում: Նախ եւ առաջ` իրենց օրինակով պետք է ցույց տային, հատկապես քաղաքական առումով փորձառու պատգամավորներ պետք է ընտրվեին, որ մենք էլ տեսնեինք, թե ինչ նախանձախնդիր ընտրություն են անում ու օրինակ վերցնեինք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ լրագրողների համար դրես-կոդի սահմանման եւ հնգամյա աշխատանքային փորձի պահանջին:
-Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին լուրջ է ու իրականում խմբագիրների ինքնավարությունը եւս պետք է որոշակիորեն հաշվի առնվի: Կարծում եմ` միանշանակ չէ, որ 5 տարվա աշխատանքային փորձի առկայությունն անառարկելիորեն վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին: Օրենքի տեսակետից միանգամայն իրավաչափ է որոշակի չափանիշներ սահմանելը, բայց այդ չափանիշները պետք է հաշվի առնեն լրատվական դաշտում տիրող իրավիճակը, եւ պետք է նկատի ունենան ինչպես դաշտում աշխատող լրագրողների աշխատանքային ստաժը, այնպես էլ խմբագիրների ինքնավարությունը: Այս հանգամանքները պետք է հաշվի առնվեն, որպեսզի ճկուն մոտեցում ցուցաբերվի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս