ԲՅՈՒՋԵԱԿԵՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն, ով մեծահարուստ պաշտոնյայի համբավ ունի, անգամ իր այցետոմսերն է տպագրում ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, նախարար նշանակվելուց մեկ ամիս անց նրա համար, ոսկե դաջվածքով, երկկողմանի այցեքարտեր են պատվիրել եւ այդ նպատակով բյուջեից 45 հազար դրամ վճարել «Դեվ» ՍՊԸ-ին: Իհարկե, 45 հազար դրամը ՀՀ պետական բյուջեի համար ամենեւին էլ մեծ գումար չէ, նկատի ունենալով բյուջեի մսխումները, բայց խնդիրն այստեղ պաշտոնյաների հոգեբանությունն է` ամեն ինչ անել ուրիշի հաշվին, այդ թվում՝ պետության: Նախարարն էլ, ահա, անգամ այդ փոքր ծախսը` իր այցեքարտի տպագրությունը, կատարում է պետական բյուջեից, ափսոսալով սեփական գրպանի փողերը: Ու սա այն դեպքում, երբ Արամայիս Գրիգորյանն իր անձնական հաշվին հայտարարագրել է ահռելի հարստություն. 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի եւ 776 հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ այս ամենը նա վաստակել է նույն պետության շնորհիվ:
ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ
Տեւական ժամանակ է` ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը մատնված է անգործության: Եվ սա բնական է, քանի որ այս կառույցն արհեստականորեն ընդլայնվեց ու դրան կից աշխատակազմ ձեւավորվեց 2008թ-ին` Արթուր Բաղդասարյանին խորհրդի քարտուղար նշանակելուց հետո աշխատանքով ապահովելու համար: Եվ հիմա, Բաղդասարյանի հրաժարականից հետո ԱԱԽ աշխատակազմն աշխատանքի է գնում իներցիայով: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԱԱԽ-ն ապրիլի 26-ից սկսած այլեւս պետական գնումներ չի կատարում, համենայնդեպս՝ կառավարության կայքում այդ գերատեսչության վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվում: Իսկ վերջին պայմանագիրը վերաբերվել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններին: Նաեւ` տեւական ժամանակ է` չի թարմացվում այս գերատեսչության կայքը, չնայած` այս ընթացքում ԱԱԽ նիստ է անցկացվել: Ու քանի որ ԱԱԽ-ն չունի մամուլի խոսնակ, այս կառույցից որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Փաստորեն, այդ կառույցը ստեղծվել էր կոնկրետ անձի շահեր սպասարկելու համար, եւ հիմա մատնված է մոռացության:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պատրաստվում է մեկնել Շիրակի մարզ: Պատճառը նախօրեին Շիրակի մարզում տեղի ունեցած անակնկալ կարկտահարությունն է, որի հետեւանքով տուժել էին գյուղացիական տնտեսությունները: Դժվար չէ ենթադրել, որ Հ. Աբրահամյանն այս առիթը եւս կփորձի օգտագործել իր սեփական PR նպատակներով: