ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 8-10 Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստին: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների եւ համագործակցության այլ հարցեր:

ԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կդառնա նոր թոք շոուի հաղորդավար, որը կհեռարձակվի այս տարվա հոկտեմբերից: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ լուրը պաշտոնապես հաստատվել է, եւ հաղորդաշարը հեռարձակվելու է Իվանիշվիլիի որդու ղեկավարած Georgian Dream Studio հեռուստաալիքով:

ԷՐԴՈՂԱՆԻ ՊԼԱՆԸ

Թուրքական Aydinlik թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի 2015 թվականի պլանը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Պարզվել է, որ Էրդողանը պատրաստվել է նախագահական ընտրություններից հետո հանդես գալ հայկական նոր նախաձեռնություններով: Դրա հետ կապված՝ Թուրքիայի կառավարությունը չի երկարաձգել Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ (հայտնի հայատյաց) Մեթին Հյուլագյուի պաշտոնավարման ժամկետը, ինչը հանդիսացավ հայերին Էրդողանի հասցեագրած ցավակցական ուղերձի շարունակությունը: Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթը հայտնել էր, որ Հայաստանի հետ սահմանը բացվելու է այս տարվա սեպտեմբերին: Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 28-ին:

ՇԱՆՏԱ՞Ժ

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, երեկ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ գրառմանը, թե գնալով ստատուս քվոն վտանգավոր է դառնում, ասել է. «Ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր, այլ վտանգավոր է Բաքվի պահվածքը, այ սրա՛ վրա պետք է ուշադրություն դարձվի: Եթե դրա վրա ուշադրություն չեն դարձնում, ապա դա հակամարտության կարգավորում չի կարող դիտվել: Պետք է հակամարտության այնպիսի կարգավորում լինի, որ առաջին հերթին ստեղծվի համապատասխան մթնոլորտ»:




Լրահոս