«Պիտի շատ կրակենք դրանց վրա: Իրանք ինչքան կրակում են, մենք էլ դրանից երկու անգամ ավելի պիտի կրակենք»:
Հովիկ Աբրահամյան 168.am
Վարչապետն, իհարկե, ճիշտ է ասում, թշնամու կրակոցներին պետք է պատասխանել կրակոցներով, ավելին՝ շատ լավ է, որ Հ. Աբրահամյանը կրկնակիով պատասխան տալու կողմնակից է: Սակայն երբ իրականից կրակում էին, ո՞ւր էր այդ ժամանակ Հ. Աբրահամյանը, Մխչյան գյուղում լոլի՞կ էր աճեցնում, թե՞ Արարատի մարզում ձկնաբուծարաններ հիմնում, որպեսզի իր բարեկամներն անգործ չմնան: Իսկ այսօր արդեն վարչապետ դարձած սահմանամերձ գյուղի բնակիչների մոտ «հերոսանում» է՝ իբրեւ թե այդ սահմանը պահողներից մեկն էլ ինքն է եղել: Բայց, ամեն դեպքում, լավ կլիներ ոչ միայն խոսքով, նաեւ գործով օգներ սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
«Կարող եմ արձանագրել, որ իրականացված է հսկայածավալ աշխատանք, ունենք տեսանելի արդյունքներ: Կայուն համագործակցության արդյունքում կունենանք առավելը: Պատրաստ ենք այսուհետ եւս օժանդակել բոլոր նախաձեռնություններում»:
Արտեմ Ասատրյան News.am
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նկատի ունի զբաղվածության ոլորտում իրականացվող ինչ-որ բարեփոխումներ, որոնց արդյունքում իբր թե նկատելի դրական փոփոխություններ կան: Իհարկե հարց է, թե հայրենի կառավարությունը ինչն է համարում դրական փոփոխություն, ինչպես պարտադիր կուտակայինի հարցում կառավարությունը փոփոխություն արեց՝ երկու բառ տեղերով փոխելով, իսկ ողջ էությունը նույնը թողնելով, այնպես էլ երեւի զբաղվածության եւ, առհասարակ, սոցիալական ոլորտում իրականացվող բոլոր բարեփոխումներն են, որոնց արդյունքում ո՛չ աղքատների թիվն է կրճատվում, ո՛չ գործազրկությունն է վերանում:
«Քոչարյանի ժամանակ գոնե քցոցի չկար, այն քցոցին, որ հիմա կա, ոչ էլ հիսուն-հիսուն կար: Այս իշխանությունը բոլորի հետ համագործակցում է, բայց ընկերություն չի անում»:
Տիգրան Կարապետյան «Առավոտ»
Ժողովրդական կուսակցության նախագահի մոտ կարծես թե հիշողության հետ կապված խնդիրներ կան, «կայարանցի տղու» ոճի մեջ, սկսել է Քոչարյանի գովքն անել: Բայց իր բերած «քցոցու» փաստարկները, կամ եթե 50/50 ասելով նկատի ունի Սերժ Սարգսյանի եղբորը, ապա Սերժ Սարգսյանն էլ, իր եղբայրն էլ եւ, առհասարակ, այսօրվա վարչակազմի զգալի մասն էլ Քոչարյանի ժամանակ էլ կային, բավականին բարձր դիրքեր էին զբաղեցնում եւ «քցողը» այն ժամանակ էլ էր «քցում», Քոչարյանն էլ իրենց ղեկավարն էր: Եվ եթե այս իշխանությունը համագործակցում է, բայց ընկերություն չի անում, ապա Քոչարյանի օրոք նույնիսկ համագործակցություն չկար:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ