ԷՊՈՍԱԳԵՏԸ ՄԻԵԴ-Ի ՀՈՒՅՍԻՆ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 12 տարի ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինն արդեն մեկ ամիս է, ինչ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Դեռեւս պատասխան չեմ ստացել, սպասում եմ, տեսնենք՝ ինչ կլինի»,-այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Սեդրակյանը` հավելելով, որ նախօրեին այցելել է ամուսնուն, սակայն ՄԻԵԴ դիմելու հետ կապված որեւէ բան չեն քննարկել:
ԻՐ ՏԵՂՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանն անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը շուտով նշանակվելու է ԱՆ քրեակատարողական վարչության պետ՝ ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել եւ, առհասարակ, նման բան չկա: « Հայկ Հարությունյանն իր տեղում աշխատում է, ճիշտ չէ նման քննարկումներ անցկացնել»,-ասաց «Հրազդան» ՔԿՀ-ի պետը` հավելելով, որ իրեն այդպիսի պաշտոն չեն առաջարկել, դրա համար չի մտածել, կպատասխանի, եթե նման առաջարկ ստանա: Հիշեցնենք, որ նախօրեին «Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր հրապարակել, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից, եւ ըստ նույն հրապարակման՝ արձակուրդից այլեւս չի վերադառնա, իսկ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու՝ նշվել էր «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասել էր, որ ոչնչից տեղյակ չէ, ներկայում Հայաստանում չէ, արձակուրդում է եւ մեկ շաբաթից կվերադառնա:
ԹԱՏՐՈՆՈՒՄ ՉԵՔ
Հունիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանի գործով մեղադրյալ Ակսել Մխիթարյանի բողոքը: Հիշեցնենք, որ Ակսելը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է, ով 2013թ. հունիսի 26-ին ընկերուհու գնահատականի շուրջ վիճաբանել էր դասախոս Վասիլի Գեւորգյանի հետ եւ իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ էր հասցրել Գեւորգյանին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ակսելին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման:
«ՎԵՐՆԻՍԱԺ»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
Սույն թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի տարածքում հնչած կրակոցների գործով ներկայում երկամսյա կալանքի տակ են գտնվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, եւ ըստ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանից Հայաստան վերադարձած եւ «օրենքով գող» կարգվել ցանկացող Վալերի Հովհաննիսյանը: Իսկ ահա վիճաբանություն հրահրող մյուս «հերոսը»՝ Ներսես Մելքոնյանը, ձերբակալված է: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակն այդքան էլ լավ չէ եւ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: