ԱՐԱԲԿԻՐԻ ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսենը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինչ-որ շրջանակների հետ զրույցում ասել է, թե իր դեմ մահափորձ է կատարվել: Տուժողը կասկածներ ունի, որ կրակոցների հեղինակը «Մեթլ Փրինս» ընկերության, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերն են:

Կրակոցների հետքերով
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արաբկիրի Գյուլբենկյան փողոցում, ժամը 01.25-ի սահմաններում: Առայժմ անհայտ անձը կրակել էր 28-ամյա Արսենի կրծքավանդակի ուղղությամբ, որից հետո նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արսենն իր կամքով է դուրս գրվել հիվանդանոցից՝ ասելով, որ չի ցանկանում այլեւս մնալ այնտեղ:
Եվ այսպես, ի՞նչը կարող էր լինել կրակոցի պատճառը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արսենն իր կասկածները հիմնավորել է հետեւայլ պատճառաբանությամբ՝ ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10% բաժնեմաս ունի եւ ընկերության տնօրինությունն իբր ամեն գնով ցանկացել է տիրանալ իր բաժնետոմսերին:
Տեղեկացնենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն է եւ նրա կինը` Մադլեն Թաշչյանը: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով, նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ` դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջ մտնել իր հետ:
Նշենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ-ին` գրանցվելով օֆշորային գոտում` բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստր ձեռնարկություն` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»:

«Մեթլ Փրինս»-ի աշխատակիցները` կասկածյալներ
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Արաբկիրում հնչած կրակոցներից հետո «Մեթլ Փրինս» ընկերության աշխատակիցներն այս օրերին հրավիրվում են ոստիկանություն եւ բացատրում, թե ինչ կապ եւ ինչ փոխհարաբերություններ ունեն Արսենի հետ:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ «Մեթլ Փրինս»-ի տնօրեն Մադլեն Թաշչյանից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան: Պարզեցինք, որ տիկինը հանրապետությունում չէ, ավելին՝ իրեն պատկանող ընկերությունը վարձակալությամբ հանձնել է կառավարման եւ անհետ կորել: Ոչ ոք չգիտի նրա տեղը:

Ուզում է իմանալ՝ ով կրակեց
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասաց, թե ինքը պատկերացում անգամ չունի՝ ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները: Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»:
Դիտարկմանը, թե մեզ տեղեկություններ են հասել, որ դուք նաեւ իրավապահներին եք ասել, որ կասկածներ ունեք, թե Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն են եղել հեղինակները, եւ որ դա կապված է ձեր ունեցած 10 % բաժնեմասի հետ, Արսենը պատասխանեց. «10 տոկոսի հարցը թող մնա իմ անձնական գաղտնիքը, եւ հետո՝ ես որեւէ մեկին չեմ մեղադրել»:
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքն անձամբ է կրակել իր ոտքին, որպեսզի բաժնեմասի հետ կապված խնդիրը հարթի, Արսենը չցանկացավ պատասխանել` նշելով, թե նման բան չի կարող լինել:

Կռիվ կինոյի երկրորդ մասը
Եվ այսպես, ո՞վ է Արսեն Չիչյանը: Նա հայտնի է Բոդոլ մականունով: Դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին Արսենը եւ Էդգարը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա: Կոտրել էին մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, վնասել էին Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան: Քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան. ոչնչացրել էին նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել Արսենի մորը, հորը եւ քրոջը։
«Ժողովուրդ»-ը Ախթալայի քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչ կապ ունեն նրանք Արսեն Չիչյանի հետ կատարված միջադեպի հետ, ով ասաց, թե իրենք որեւէ կապ չունեն այս միջադեպի հետ. «Մեր ընտանիքն ընդհանրապես կապ չունի եւ չգիտենք, թե ովքեր են հեղինակները»:
Արդյո՞ք Արաբկիրում հնչած կրակոցները 2012թ. միջադեպի շարունակությունն են, թե՞ իսկապես բիզնես խնդիրների համար են եղել, առայժմ դժվար է ասել: Ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս