Հուլիսի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, սահմանապահ զորամասում ու մարտական հենակետերում, որտեղ ծանոթացել է դիրքապահների ծառայության պայմաններին, առկա խնդիրներին եւ խրախուսել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած, կարգապահ զինծառայողներին: Պաշտպանական գերատեսչության կողմից հրամանատարական կազմին հանձնարարական է տրվել սեղմ ժամկետում շտկել արձանագրված թերությունները: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակը: Կեսօրից հետո Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ նախարարը սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանի շենքում հանդիպում է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների՝ Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի եւ Դովեղի համայնքապետերի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետերն ասացին, որ ոգեւորված են պաշտպանության նախարարի հետ նման հանդիպումներից եւ նրա ցուցաբերած աջակցությունից: Սահմանամերձ համայնքների ղեկավարները Սեյրան Օհանյանին ներկայացրել են իրենց համայնքների համար կարեւոր, լուծման կարիք ունեցող խնդիրները: Հայաստանի ամենահեռավոր, սահմանի առավել վտանգավոր հատվածում գտնվող Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը պաշտպանության նախարարից աջակցություն է խնդրել 1994թ. օգոստոսի 24-ին գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակին խաչքարի կառուցմանն աջակցելու, իսկ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը՝ Ոսկեպարի նախակրթարանի ծախսերը հոգալու համար: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը դիմել է Բաղանիսի գերեզմանատուն տանող ճանապարհը բարեկարգելու, խճապատելու, գյուղի գիշերային լուսավորության ցանցը վերանորոգելու, իսկ Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը՝ Կոթիի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման խնդրանքով:
Լավ է, որ սահմանամերձ համայնքների ղեկավարները Սեյրան Օհանյանին վստահում են, նրա հետ կապում իրենց համայնքային խնդիրների լուծումը: Բայց չէ որ առաջնահերթ կերպով համայնքապետարանները, կառավարությունը, կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարանը պետք է զբաղվեն համայնքի գիշերային լուսավորության, նախակրթարանի ֆինանսավորման եւ նմանատիպ այլ հարցերով: Իսկ պաշտպանական գերատեսչությունը հիմնականում պետք է զբաղվի ռազմական հարցերով, մանավանդ՝ Ադրբեջանի կողմից պատերազմի անընդհատ սպառնալիքի, սահմանագոտում պարբերաբար ոտնձգություններրի պայմաններում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ