ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությանը՝ նշեց, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքն արգելափակվել է: Նա նկատեց, որ նման իրավիճակում հայտնվել են մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ անգամ չեն եղել Ռուսաստանում: «Նման պայմաններում ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են: Արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, եւ փորձում են խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ»: Հարցին՝ խնդիրը չի՞ լուծվի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, որ դա ուրիշ օպերայից է, եւ ոչ ոք չգիտի, թե դա կոնկրետ երբ կլինի: «Այս մարդիկ անօրինական միգրանտներ են, խախտել են ՌԴ օրենքները, եթե մտանք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Ես չեմ կարծում, որ հենց անդամ դարձանք, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՆՊԱՏՎԵՑԻՆ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ տեղացած կարկուտը վնասել էր Շիրակի մարզի մոտ 20 գյուղ: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը` այսպիսով հրավիրելով կառավարության անդամների ուշադրությունն իրենց խնդրի վրա եւ փոխհատուցում էին պահանջում: Aravot.am-ը գրում է, որ երեկ՝ վաղ առավոտյան, գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղավ կարկտահարված գյուղերում, նա առաջինն այցելեց Հովտաշեն, որտեղ, սակայն, հաճելի անակնկալ չէր սպասվում նախարարին: Որքան էլ նախարարը փորձում էր համոզել գյուղացիներին, որ ամեն ինչ լավ կլինի, կփորձեն վերանայել վարկերը, եթե գյուղացին պետությունից սերմ է վերցրել, նրանից անմիջապես հետ չեն պահանջի, աշնանացան ցորենն անվճար կհատկացնեն եւ այլն, միեւնույն է՝ գյուղացիներն անդրդվելի էին: «Ինչո՞վ ապրեմ, մի հատ պատասխան տուր, դուք գյուղացուն օգնող չեք, ինչի՞ նախարարություն կա, դուք մենակ ռոճիկ առնող եք»,- նյարդայնացավ տուժածներից մեկը: Տուժած կանանցից մեկն էլ բորբոքվեց. «Գնացեք մի բոմբ գցեք Հայաստանի վրա պրծնենք, լույսը թանկացրեք, գազը թանկացրեք, ինչի՞ եք եկել որ»:

Ա. Ս.

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը:
«Ես խելագարի նման կմարզվեմ: Մտադիր չեմ թերագնահատել մրցակցին: Կասեմ միայն, որ Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Բայց Կարլ Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթել Աբրահամին, որը մեծագույն չեմպիոն է: Մեր ոճերը համապատասխանում են այդ մենամարտի համար»,- ասել է Սմիթը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արթուր Աբրահամը հաղթեց չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային: Փոլ Սմիթը մայիսի 17-ին մենամարտել է իսպանացի Դավիդ Սարաբիայի հետ եւ հաղթել արդեն երկրորդ ռաունդում:

ՖԻՖԱ-Ն՝ ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ԴԵՄ

ՖԻՖԱ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատություններից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային արգելում է աշխարհի առաջնության հանդիպումներին հետեւել VIP օթյակներից: Մարադոնան Իրանի եւ Նիգերիայի հետ արգենտինացիների հանդիպումներին գնացել է ՖԻՖԱ-ի հրավիրած հյուրերի համար ամրագրված տոմսերով եւ ՖԻՖԱ-ն այլեւս չի ցանկանում, որպեսզի նա տեղ զբաղեցնի այդ օթյակներում: Լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ համապատասխան հավատարմագրում չունենալու պատճառով Մարադոնային մարզադաշտ չեն թողել նաեւ աշխարհի առաջնության բացման խաղի ժամանակ:

ՄԱՀԱՑԵԼ Է ԱԼՖՐԵԴՈ ԴԻ ՍՏԵՖԱՆՈՆ

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: Արքայական ակումբի պատվավոր նախագահի մոտ հուլիսի 5-ին սրտի անբավարարություն էր գրանցվել, ինչից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց: Օրերս հայտնի դարձավ, որ նա մահացել է: Դի Ստեֆանոն 8 անգամ դարձել էր Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Չեմպիոնների գավաթը, երկու անգամ դարձել էր «Ոսկե Գնդակ»-ի դափնեկիր: Նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի երրորդ ֆուտբոլիստ:

 

 




Լրահոս