ԻՆՉՊԵՍ ՏՆՏԵՍԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ 37 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն օգտվում են Երեւանում տեղադրված «թանկարժեք» աղբամաններից, բարեկեցիկ Ֆրանսիայում զրկված են նման շքեղություններից: Օրինակ` ֆրանսիական Ռեյմս քաղաքի իշխանությունները փորձում են տնտեսել իրենց քաղաքային բյուջեն՝ միաժամանակ ապահովելով քաղաքի փողոցների բարեկարգ վիճակն ու մաքրությունը:

Մինչ Ռեյմսի աղբամաններին անդրադառնալը, նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի աղբամանների պատրաստման պայմանագիրը կնքել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ եւ պայմանագրի շրջանակներում պատրաստվում է ձեռք բերել 400 հատ աղբաման՝ 31 միլիոն 120 հազար դրամ ընդհանուր արժեքով (մեկ միավորի արժեքը 77 հազար 800 դրամ):
Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով աղբամանների գնին՝ ասաց. «Գնումների մասին» օրենքով հայտարարվել է մրցույթ, օրենքի բոլոր կետերը պահպանվել են եւ իմ ծառայությունները վերահսկում են այդ բոլոր գործընթացները: Իսկ ինչ մնում է աղբամաններին եւ նստարաններին, ապա երեւանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամաններն անհրաժեշտ են»:
Լրագրողների պնդմանն ի պատասխան, թե խնդիրն աղբամանների գինն է, քաղաքապետն անմիջապես արդարացավ` նշելով, որ մրցույթ է հայտարարվում եւ «ով էժան գին է առաջարկում, նրան էլ պատվիրում են»:
Դիտարկմանը՝ արդյոք խելամի՞տ է մեկ աղբամանի համար այդքան գումար ծախսել, քաղաքապետը հակադարձեց. «Իսկ, ըստ ձեզ, խելամի՞տ չէ: Աղբաման ե՞րբ եք առել վերջին անգամ, իսկ ձեր աղբը որտե՞ղ եք թափում: Ես խորհուրդ կտամ ձեր աղբը գետնին չթափել, անպայման աղբամաններում թափեք»:
Իհարկե աղբաման ամեն տեղ եւ բոլորին էլ անհրաժեշտ է: Եվ բնավ էլ խոսքն այդ մասին չէ: Պարզապես տարօրինակ է, որ հազարումի հրատապ խնդիր ունեցող Երեւանում 400 հատ աղբաման ձեռք բերելու համար հատկացվում է 31 մլն դրամ եւ մեր «սիրելի» քաղաքապետը դա նորմալ է համարում: Մինչդեռ, օրինակ, ֆրանսիական քաղաքներում պատկերն այլ է. տեղի քաղաքային իշխանությունները միլիոններ չեն տրամադրում մի քանի աղբաման ձեռք բերելու համար: Նրանք միայն բավարարվել են երկաթե ձողերին պոլիէթիլենային տոպրակներ ամրացնելով, որով էլ կարողանում են նաեւ գումար տնտեսել: Նույն պատկերն է նաեւ Բելգիայում, Լյուքսեմբուգում ու եվրոպական մի շարք քաղաքներում:
Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում, Շամպանի շրջանում գտնվող Ռեյմս քաղաքն իր կես միլիոն բնակչությամբ համարվում է քսաներորդը Ֆրանսիայի քաղաքների մեջ: Այն Շամպան շրջանի ամենախիտ բնակեցված բնակավայրն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռեյմսի հայ բնակիչները մեծ հիացմունքով նկատեցին, որ տեղական իշխանությունները շատ են մտածում իրենց քաղաքում ապրող բնակիչների հարմարավետության մասին: Ինչը չես ասի Երեւանի մասին: Ողջ օրվա ընթացքում Ռեյմսի փողոցներում զբոսնելիս տեղացին կամ զբոսաշրջիկը թափված աղբ չի նկատի, իսկ ահա Երեւանի, այն էլ՝ կենտրոնական թաղամասերում, պատահում է, որ օրերով աղբը չի մաքրվում՝ առաջացնելով գարշահոտություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ֆրանսիա




Լրահոս