2014 թվականի օգոստոսի 3-ին Լոռու մարզի Անտառաշեն համայնքում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ, որում իրենց թեկնածությունն է առաջադրել ՀՀԿ երկու անդամ՝ ոչ մի տեղ չաշխատող Ռաֆիկ Խառատյանն ու Ռազմիկ Ղումաշյանը:
Թեկնածուների գրանցումը կիրականացվի հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
Անտառաշենում գյուղապետի արտահերթ ընտրությունը պայմանավորված է նախկին գյուղապետ Վլադիմիր Ասլանյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Վ. Ասլանյանը, ով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի փետրվարի 12-ին, 2014 թվականի ապրիլի 26-ին մահացել է: Այս պահին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է անկուսակցական Աննա Խառատյանը:
Արտահերթ ընտրության անցկացման համար 2014 թվականի պետբյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշվել է հատկացնել 786 հազար 600 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 702 հազար դրամ։
Ոստիկանությանը հատկացված գումարը նախատեսված է 180 ընտրող ունեցող գյուղական համայնքի ընտրողների ցուցակի պատրաստման համար: