Նոր ժամանակներ կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում, մարտի 18-ին, տեղի է ունեցել “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որտեղ որոշում է կայացվել, որ կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: ՆԺԿ հաղորդագրության մեջ նշվում է.”Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների եւ քաղաքական խորհրդի անդամները: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ տրամաբանությունը, փաստելով, որ Հայաստանի եւ Հայ Ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային եւ գեոքաղաքական բաղադրիչների պատմաքաղաքագիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը` իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորոշված քաղաքական շոուի, որեւէ կապ չունի “Նոր Ժամանակներ” կուսակցության ծրագրերի եւ նպատակների իրագործման հետ: Նա վերահաստատեց նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակետը, որ իշխանության կողմից ծրագրված այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակահարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով ընդունեցին Կուսակցության Նախագահի եւ Վարչության այդ դիրքորոշումը: Հատկանշական է, որ ժողովի մասնակիցների համար հնթացս քննարկման թեմա դարձավ կուսակցության ապագա անելիքները` կապված երկրի առջեւ ծառացած մարտահրավերների եւ 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ժողովը որոշում կայացրեց օրենքով սահմանված նախընտրական քարոզչության փուլից առաջ հրավիրել եւս մեկ ակտիվի առավել ներկայացուցչական հավաք եւ քննարկել մայիսի 6-ի հետ կապված Կուսակցության մարտավարական քայլերը”:




Լրահոս