ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվեց որպես Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության ապահովմանն ուղղված միակ ճշգրիտ եւ հեռանկարային որոշում: Անվտանգության խնդիրներին շեշտադրումն արվեց հենց սեպտեմբերի 3_ին` Սերժ Սարգսյանի` Կրեմլում ունեցած ելույթում: Այդուհանդերձ, մինչ օրս պարզ չէ Ղարաբաղի տնտեսական անվտանգության հետ կապված կարեւորագույն հարցի պատասխանը` արդյոք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գործելու է մաքսային անցակետ, թե ոչ: Ո՛չ ռուսական, ո՛չ էլ առավել եւս հայկական պաշտոնական շրջանակները չեն տալիս այդ հարցի հստակ պատասխանը: 

Ուշագրավ է, որ բավականին կրավորական են նաեւ Ղարաբաղի քաղաքական շրջանակների հարցադրումները: Ավելի ճիշտ` դրանք իսպառ բացակայում են: Բնականաբար, դժվար է պատկերացնել, որ այդ հարցը չի հուզում ղարաբաղցիներին: Սակայն եթե նրանք լռում են, դա կարող է նշանակել, որ հարցի շուրջ առկա են ոչ ֆորմալ պայմանավորվածություններ, որոնց իրագործումը չխոչընդոտելու մղումով էլ ղարաբաղցիներն առայժմ լռում են:
Դեկտեմբերի 2-ին Երեւանում տված մամլո ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշեց, թե Մաքսային միությանն անդամակցելու իրավական-փաստաթղթային փաթեթի մշակման հարցում հայկական կողմը դրսեւորում է այնպիսի նախանձելի արագություն, որ «ռուսական կողմը չի հասցնում հայ գործընկերների հետեւից»: Այս հարցը, սակայն, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձավ. ի վերջո, ինչո՞ւ է Հայաստանն այսպիսի գլխապատառ արագությամբ նետվում Մաքսային միության անհյուրընկալ գիրկը:
Մեր տեղեկություններով՝ իրականում խնդիրը կապված է հենց Ղարաբաղի` Հայաստանի հետ միասնական մաքսային ռեժիմով ՄՄ-ում ընդգրկման հետ: Քանի դեռ այս հարցում առկա են Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունքն ու տրված բանավոր հավաստիացումը, ՀՀ իշխանությունները շտապում են պահը բաց չթողնել, քանզի առաջիկայում դժվար է ասել, թե ինչ կարող է փոխվել, եւ ինչպիսի հակազդեցություն կարող է ցուցաբերել Ադրբեջանը` նույն Բելառուսից եւ Ղազախստանից բացի, այս հարցում նաեւ Ռուսաստանին սիրաշահելու կոնկրետ «նավթագազային» քայլեր ձեռնարկելով:
Հատուկ եվրոպամետների համար ընդգծենք, որ այս հարցում Եվրոպայի պատասխանը միանշանակ էր. Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ պետք է գործեր մաքսակետ: Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ իշխանությունները հույս ունեն այս հարցը լուծել «գեղական կարգով»` առանց բարձրաձայնելու: Կհաջողվի դա նրանց, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Իսկ եթե չհաջողվի էլ, դա բավականին լավ առիթ կլինի ՄՄ-ից հրաժարվելու եւ դարձյալ դեպի Եվրոպա թեքվելու համար:




Լրահոս