Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ս. Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և մաղթում հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը:




Լրահոս