Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, բավականին բաց տեքստով քար է նետել իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի բոստանը: Նա մասնավորապես ասել է. «Ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաեւ լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանից երկնիշ աճ ունեցող տնտեսություն ժառանգած Սերժ Սարգսյանը, երկիրը հասցնելով թշվառության շեմին, դեռ մի բան էլ կշտամբում է իր նախորդին` բոլոր խնդիրները ժամանակին չլուծելու համար: Իհարկե, Քոչարյանի օրոք էլ առանձնապես նախանձելի վիճակ չէր, սակայն, այդուհանդերձ, երկրում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 26 տոկոս էր` ներկայիս 32.5-ի համեմատ:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի եւ Արմեն Աշոտյանի հայտարարություններին, թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» եւ «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո՛, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական: Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն: Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաեւ ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն: Ուստի, նախագահի` կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ԱԺ ներկայացնելը եւ այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը եւս քաղաքական է»:

Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին: Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա` դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի եւ մի շարք այլ գերատեսչությունների համար: Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կառավարության ո՛չ այս` 1151-Ն որոշումը, ո՛չ դրա նախագիծը դրված չէ կառավարության կայքում, այլ այն հրապարակվել է միայն «պաշտոնական տեղեկագրում»: Ասել է թե՝ այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի այդ առիթով հասարակական աղմուկ չբարձրանա:

«Ժողովուրդ» օրաթերթ-գործարար Խաչիկ Խաչատրյան դատական քաշքշուկի 1-ին փուլն ավարտվեց հօգուտ «Ժողովուրդ» օրաթերթի: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը վճռեց մերժել «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հայցը, որով նա օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր 3.2 մլն դրամի փոխհատուցում իր բարի համբավն արատավորելու համար: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է վաճառում, բացի այդ՝ ընկերության սեփականատերը խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ: Այս լուրերից վիրավորված՝ գործարարը նախ ինքն էր վիրավորել մեր լրագրողին, ապա նաեւ դիմել դատարան՝ պահանջելով 2 հայցը միասին փոխհատուցել 6.2 մլն դրամ: Սակայն դատարանը մերժեց նրա բոլոր հայցերը՝ ապացուցելով, որ «Ժողովուրդ» օրաթերթը գործել է մասնագիտական բարեխղճության շրջանակներում: Մնաց՝ ՕԵԿ-ը դա հասկանա:




Լրահոս