ԴԵՌ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունը պաշտոնապես խոստացավ, որ եթե ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, ԵՄ-ն կկազմակերպի դոնոր երկրների համաժողով Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար: Խոսքը մոտ 1,5 մլրդ եվրոյի մասին էր:
Ինչպես հայտնի է, եվրոպացի դիտորդների գնահատականի համաձայն՝ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կազմակերպվել եւ անցկացվել են պրոֆեսիոնալ կերպով եւ արդյունավետ: Բայց չնայած այս գնահատականին, այդ երկար սպասված համաժողովն այդպես էլ չի կայանում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտգործնախարարությունից պարզել, թե երբ է տեղի ունենալու այդ համաժողովը, ինչ տեղեկություններ ունի ՀՀ ԱԳՆ-ն:
«Դոնորների կոնֆերանսը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդարձակ օրակարգի հարցերից մեկն է: Մենք շարունակում ենք խորհրդակցություններ ԵՄ մեր գործընկերների հետ ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա հիմքերը ու ձեւաչափը նախանշելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվելու են նաեւ Հայաստանի բարեփոխումների համար ԵՄ աջակցության հնարավոր գործիքները»,-նշեցին ԱԳՆ-ից:
Ասել է թե՝ ԵՄ-ն դեռ շարունակում է հետաձգել այդ համաժողովը:
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ
Անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում ԱՊՊԱ պայմանագիր կնքել, քանի որ ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին մերժում են՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, իրենք մեծ վնասներ են կրում: Իսկ եթե ապահովագրում են, ապա առաջարկում են ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի մատչելի է, այլ 3 ամսով եւ անպայման «անսահմանափակ վարորդներ» դրույթով: Այս դեպքում, «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքով, ԱՊՊԱ պայմանագրի գինը շեշտակի ավելանում է. «Մինչեւ 80 ձիաուժ մեքենան մեկ տարվա համար ապահովագրելու արժեքը կազմում է 38,000 հազար դրամ, իսկ երբ երեք ամսով եւ «անսահմանափակ վարորդներ» դրույթով է լինում, ապա 3 ամսվա համար վարորդը վճարում է 20,500 դրամ, այսինքն՝ մեկ տարվա համար այն կազմում է 82 հազար դրամ»:
Երեկ նմանատիպ խնդրով «Ժողովուրդ»-ին դիմեց 51-ամյա Վաչիկ Ավետիսյանը. «Մոտեցել եմ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն, որտեղ ասացին, որ սովորական տաքսիներ չեն ապահովագրում, նախ դիմում պետք է գրեմ, յոթ օր սպասեմ. կա՛մ կպատասխանեն այո, կա՛մ էլ ոչ: Տոներն արդեն մոտենում են, եթե չհասցնեմ ապահովագրել, կա՛մ չպետք է մեքենան վարեմ, կա՛մ էլ տուգանվելու եմ»: Իսկ «Ռոսգոսստրախ»-ի մամլո քարտուղար Էմմա Մոժարովան «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ յոթ օրվա ընթացքում կուսումնասիրեն քաղաքացու դիմումը, որից հետո պայմանագիր կկնքեն: Փաստորեն, ԱՊՊԱհովագրությունն է՞լ է ծանոթով: