Հայ միգրանտների աշխատանքի հարցը Ռուսաստանում դեռ չի լուծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ  Սոչիում  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:

Կառավարությունն իր նիստում ներկայացրել էր նաև ևս մեկ համաձայնագիր, որը պետք է ստորագրվեր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև: Այս համաձայնագիրն էլ նախատեսում է, որ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում մեկ տարի կարող է աշխատանքային գործունեություն ծավալել` առանց դրա համար թույլտվություն ձեռք բերելու անհրաժեշտության:

Սակայն այս մի համաձայնագիրը չի ստորագրվել և պարզ չէ նաև, թե երբ կստորագրվի: Այս մասին armlur.am -ի հետ զրույցում նշեց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, թե ռուսական կողմը պետք է համաձայնագրի տեքստը համաձայնեցնի իր բոլոր պետական մարմինների հետ: Եգանյանի խոսքով` իրենք ամեն ինչ համաձայնեցրել են և Ռուսաստանի պատասխանից հետո կարող են ստորագրել համաձայնագիրը:

«Դեռ լուծվել է միայն հաշվառման հարցը, որ յոթ օրվա փոխարեն հայերը կարող են առանց հաշվառման մնալ 30 օր: Դա օրենսդրության պահանջ է, և դրա չկատարման դեպքում նա կդառնա օրենսդրություն խախտող և կունենա անցանկալի հետևանքներ», – նշեց նա:




Լրահոս