ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է իր գերատեսչական այցելությունները. այս անգամ նա եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: ՀՀԿ առաջնորդն այնտեղ կատարած շրջայցից հետո անդրադարձել է նախարարության գործունեության եւ երկրի տնտեսության վերաբերյալ մի քանի հարցերի, այդ թվում եւ` կուտակային կենսաթոշակային համակարգին` հայտարարելով, որ այն «իր սրտով» է:

Էկոնոմիկայի նախարարությունում Ս. Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հանդես է եկել ընթացիկ տնտեսական միտումների ու ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Ինչից հետո Ս. Սարգսյանն ասել է. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր եւ շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետեւ, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանն անդրադարձել է այս օրերին աղմուկ բարձրացրած կուտակային կենսաթոշակային համակարգին ու եւս մեկ անգամ «հասկացրել», որ այդ նախագիծն իր ցանկությամբ է օրենք դարձել. «Գիտեք, այդ խնդրով ես տեւական ժամանակ անձամբ եմ զբաղվել եւ ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաեւ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչեւ տնտեսական, ֆինանսական, ու ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով եւ, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»:
«Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր համարում են այս բարեփոխումն օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած՝ ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ եւ նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաեւ լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու»,-նշել է Ս. Սարգսյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս