«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը նախօրեին Երեւանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, լրագրողների հետ զրույցում նշել է. «Մեզ համար կարեւորն այս երկխոսությունն ու նման հանդիպումները շարունակելն է: Դրա շրջանակներում կարող են օրակարգում հայտնվել ամեն տիպի ստեղծագործ մտքեր: Երկու երկրները գիտեն միմյանց դիրքորոշումները: Սակայն այսօրինակ սառեցված ճգնաժամերում եթե նոր մտքերով մի քիչ հարստացնենք մեր դիրքորոշումը, ապա դա կարող է առաջ ընթանալու ճանապարհ հարթել»:

Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալու ճանապարհին օդանավում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, թե իրենք երբեք չեն խրախուսել 1915-ի տեղահանությունը: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, ասել է, թե ժամանակին իթթիհադականների (երիտթուրքեր) իրականացրած տեղահանությունը ճիշտ չի համարում եւ այն որպես անմարդկային քայլ է ընդունում: Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանի բացմանը՝ Դավութօղլուն կարեւորել է Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ պնդելով, որ եթե անգամ սահմանը բացվի էլ, Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերսկսման դեպքում այն անմիջապես փակվելու է: Հետեւաբար, պետք է նախ լուծել այդ խնդիրը:
«Ժողովուրդ»-ը փորձեց տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե ինչ տվեց Դավութօղլուի այցը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեցավ:
-Նախ նշեմ, որ այդ այցը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակ էր հետապնդում, ու նա հատուկ Հայաստան չէր եկել: Եթե հատուկ էլ է, ապա որեւէ ինֆորմացիա չկա, թե իրականում ինչ է եղել: Իսկ չեղած ինֆորմացիայի վրա ի՞նչ եզրակացության պետք է գանք: Իմ տպավորությամբ` ՀՀ իշխանությունները Հայաստանի վերաբերյալ որոշումներ չեն կարողանում կայացնել, մանավանդ արտաքին բնագավառում Հայաստանի` հարց լուծելու հնարավորությունները սպառվել են: Սերժ Սարգսյանը չի համարվում վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կառույց գիտի, որ Սերժ Սարգսյանը կարող է կտրուկ շրջադարձներ անել եւ իր նախկին բոլոր որոշումները չեղյալ հայտարարել: Այդ առումով լուրջ կառույցները ՀՀ իշխանություններին չեն վերաբերում որպես կանխատեսելի լուրջ գործընկերոջ: Իսկ ինչ վերաբերում է նախարարների հանդիպմանը, ապա իրենք կարող են հանդիպում ունենալ, ծափահարել, ձեռք սեղմել, ֆոտո անել, բայց հիմա հասկանալի է, որ Հայաստանի հարցը լուծվում է Հայաստանից դուրս՝ առանց Հայաստանի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
-Պարո՛ն Ախոյան, ԱհմեդԴավութօղլուի հայաստանյան այցից ի՞նչ ակնկալիքներ ունեիք, եւ արդյոք դրանք իրականացան:
-Ինչ-որ շոշափելի բան, որ կարող էր այդ հանդիպումը տալ, պետք չէր ակնկալել: Խոսվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին, անցյալ դարի ոճրագործությունների մասին եւ այլն, եւ այլն: Համենայնդեպս, մեկ քայլ առաջվա միտում նկատվում է, իրենք հասկացան նաեւ, որ մեր պետության դիրքորոշումը չի փոխվել, մնացել է նույնը՝ առանց նախապայմանների:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան ինչո՞վ էր առանձնահատուկ, ի՞նչ տվեց այն ՀՀ-ին:
-Սպասված միջոցառում էր, հետեւաբար այնպես չէր, որ շատ մութ նպատակներ կային: Այլ բան է, որ թուրքական կողմը փորձեց ուղղակի տպավորություն ստեղծել, որ Հայաստանի հետ ինքը շփումների մեջ է, խնդիրներ չկան, այցելում են միմյանց: Իսկ թե դա ինչի համար է արվում, մենք բոլորս հասկանում ենք՝ ապրիլի 24, Ցեղասպանության 100-րդ տարելից եւ այլն:
-Դավութօղլուն իրեն բողոքի ակցիաներով դիմավորող երիտասարդներից խուսափելու համար հյուրանոց մտավ հետնամուտքով…
-Չեմ կարծում, որ նա տեղյակ չէր, թե ինչ է կատարվում, բայց ենթադրում եմ, որ անախորժություններից խուսափելու համար դա արվեց: Միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց նրան ընդունել, նշանակում է, որ Հայաստանը Թուրքիային ասելիք չունի: Լավագույն դեպքում ԱԳ նախարարի մակարդակով նրան կարող է ասել, որ Թուրքիան ազատ է իր քայլերն անել միակողմանիորեն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
-Պարո՛ն Դավթյան, Ահմեդ Դավութօղլուի այցից ի՞նչ սպասելիքներ ունեիք, եւ արդյոք դրանք արդարացան:
-Հասկանալի չէ, թե այս այցն ինչ պետք է տար Հայաստանին: Ինքը Հայաստան էր եկել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար: Ի՞նչ պետք է տար Հայաստանին այդ մարդու գալը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս