ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԼՈԿԱԴԱ «ՎԵՐՆԻՍԱԺ»-Ի ԳՈՐԾՈՎ

Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, սակայն վերջինիս պաշտպան Լեւոն Բաղդասարյանը մինչ օրս չի խոսել նրա հետ: Պաշտպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն անգամ տեղյակ չէ, թե ինչ վիճակում է գտնվում իր վստահորդը: «Քննիչի կողմից դեռեւս համապատասխան գրություն չկա, որով կկարողանայի, որպես պաշտպան, հանդիպել Վալերի Հովհաննիսյանի հետ: Պետք է նաեւ հանդիպեմ, որպեսզի քննարկենք խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու հարցը»,-հավելեց Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը: Նա, ինչպեսեւ նույն գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը, տեղեկություն չունեն, թե գտնվե՞ց արդյոք դեպքի վայրից անհետացած ավտոմեքենան:

ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ»-ը հունիսի 18-ի իր համարում գրել էր, որ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը քաղաքապետարանի ավագանու անդամներին առաջարկել էր կայացնել մի որոշում, համաձայն որի՝ Աշտարակ քաղաքի նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները թույլ չէին տվել, որ հողատարածքի աճուրդը իրականանա: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այդ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, Ա. Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են ազդել ավագանու անդամների վրա, որոշ դեպքերում էլ՝ սպառնացել: Եվ հիմա պարզվում է, որ գազալցակայանի կառուցման հարցով Աշտարակում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեր հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժին, որտեղ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Ի՞ՆՉ Է ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԸ

«Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ»,-երեկ լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը, Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ՝ հերքելով «Ժողովուրդ»-ի՝ հուլիսի 9-ի համարում տպագրված տեղեկությունը, թե ինքը խնդիրներ ունի ուժային կառույցների ղեկավարների հետ։ «Ես որեւէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, չի էլ եղել նման բան, եւ, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ուժային կառույց, հարաբերական հասկացություն է։ Ցավոք սրտի, միշտ ճիշտը չեն գրում մամուլում։ Եթե հասարակությանը ճիշտն ասվի, նման խնդիրներ չեն առաջանա։ Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ»,-շեշտել է Հովիկ Աբրահամյանը։ Ի դեպ, նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը մեկնելու է Շիրակի մարզ՝ կարկտահարված գյուղեր, իրավիճակին ծանոթանալու համար: Այս լուրը, բարեբախտաբար, վարչապետը չի հերքել:




Լրահոս