«ԵԿԵԼ ԿԱՆԳՆԵԼ ԵՔ ԱՍՖԱԼՏԻՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Շիրակի մարզում յուրօրինակ ընդունելություն են ցույց տվել. «Եկել կանգնել եք ասֆալտին, որ ի՞նչ անեք»,- Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով վարչապետին նախատել է Սպանդարյան գյուղի բնակիչներից մեկը: Գյուղացիների վրդովումունքն այնքան մեծ է եղել, որ սկզբում նրանք փակել են վարչապետի ճանապարհը, այնուհետեւ նրա հետ վիճաբանել են ու պահանջել, որպեսզի նա գնա ու իր աչքով տեսնի նախօրեին ուժեղ կարկուտի հասցրած վնասները:

Սպանդարյանում գյուղացիները պնդել են, որ վարչապետն իրենց հետ գնա հացահատիկի դաշտեր եւ տեղում տեսնի` ինչ է կատարվել: Մի քանի րոպե տեւած բանավեճից հետո Աբրահամյանը համաձայնվել է գնալ դաշտ, ապա գյուղացիներին խոստովանել է. «Ես տեսա, համոզվեցի, որ բերքն ամբողջությամբ փչացել է: Հիմա մենք բոլորս պետք է մտածենք այս ծանր վիճակից դուրս գալու մասին»:
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նաեւ Արեւշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Վարչապետը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք լինելու են գյուղացու կողքին. «Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»: Իսկ Ախուրյան համայնքում Հ. Աբրահամյանը ծանոթացել է բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին:
Այնուհետեւ Հ. Աբրահամյանը եղել է Գյումրու համալսարանում, որտեղ հայտարարել է. «Իշխանության եւ բնակչության միջեւ անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել եւ չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա եւ մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարեւորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր, կարծես, ակտիվանում է ազգաբնակչության եւ կառավարության կապը: Յուրաքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են եւ այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, եւ մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն եւ ես դրանում չեմ կասկածում»:
Նկատենք, որ երեկ գյուղացիների հետ վարչապետի հանդիպումները շատ լարված մթնոլորտում են անցել, ինչը ցույց է տալիս, որ այսօր արդեն իրավիճակն այն աստիճան պայթյունավտանգ է, որ գյուղացիներն այլեւս ի վիճակի չեն իրենց զայրույթը զսպել անգամ երկրի վարչապետի հետ խոսելիս:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս