ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՅՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն Արգենտինայի Հանրապետություն է այցելել պետական պարգեւ հանդիսացող մեդալների փնջով: Այցից առաջ նա հրամանագիր է ստորագրել Արգենտինայի արդարադատության նախկին նախարար Լեոն Արսլանյանին, հասարակական-քաղաքական գործիչ, խտրականության, ցեղասպանության եւ այլատյացության դեմ պայքարի ինստիտուտի տնօրեն Պեդրո Մուրադյանին եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու համար: Հինգ հոգու նա պարգեւատրել է Մխիթար Հերացու եւ չորս հոգու էլ՝ Մովսես Խորենացու մեդալով: Փաստորեն, սա էլ սփյուռքահայերին սիրաշահելու նոր ձեւ է:
ԿԳՆԱ ԲՐԱԶԻԼԻԱ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռ. Հայրապետյանը ցանկանում է Սերժ Սարգսյանի հետ այդ օրը միասին լինել Բրազիլիայում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Ռ. Հայրապետյանից, ով ասաց, թե ինքը բազմիցս ասել է, որ հեռախոսով հարցերին չի պատասխանելու: Իսկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի, այնուհետեւ հայտարարեց, թե մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամ Արայիկ Թունյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի «Գազ-20 պոբեդա» ավտոմեքենա (սովետական առաջին ավտոմեքենաներից), բնակարան, երկու հողամաս: Ինչ վերաբերում է դրամական ունեցվածքին, ապա նա հայտարարագրել է 2.3 մլն դրամ, 3.5 հազար դոլար եւ 500 եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է 1.5 մլն դրամ աշխատավարձ: Հիշեցնենք, որ միլիոնատեր պաշտոնյան նախկինում նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր:
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՑՈՒՅՑ
Այսօր առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ցույցը կազմակերպելու է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը՝ «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ աշխատողները վերջին անգամ իրենց աշխատավարձը ստացել են մայիսի 29-30-ին եւ ընդհանուր առմամբ նրանց պարտք են մոտ մեկ ու կես տարվա աշխատավարձ: Հարությունյանի խոսքով` աշխատավարձի հետ կապված դեռ որեւէ լուր չկա եւ պարզ էլ չէ, թե երբ կլինի հաջորդ աշխատավարձը: