ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհրդը որոշել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել: Պատճառը Գարիկ Ավագյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է, բայց ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խայտառակ բացահայտումներով լի զեկույցի պատճառով, այլ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գարիկ Ավագյանին ՀՀ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն են առաջարկել: Ավագյանն ինքը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելու հետ: Իսկ թե կոնկրետ որտեղ, չցանկացավ մանրամասնել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ ԷԻՆ
ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը երեկ «ԵՄ-ՀՀ հարաբերությունների հեռանկարները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ եւ հետո» խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, թե ՀԱԿ-ը եվրոպացի դիվանագետներին միշտ նախազգուշացրել է, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ պահի կհրաժարվեն եվրաինտեգրացիայից: «Մենք, հանդիպելով ԵՄ ղեկավարության հետ, վերջին շրջանում բազմիցս մատնանշել ենք, որ այդ բանակցությունները չեն կարող ավարտվել հաջողությամբ, որովհետեւ դուք գործ ունեք վերից վար կոռումպացված մի համակարգի հետ, մի իշխանության, որը 10 մարդու սպանությունների հետեւանքով է զավթել Հայաստանում իշխանությունը»,-ասել է նա: Վլ. Կարապետյանը նաեւ շեշտել է, որ եվրոպացիները շատ ավելի քիչ են աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, քան այս օրերին իրականացնում են Ուկրաինայում. «Մեր հասարակությունը շատ պարզ տեսնում է գնահատականների տարբերությունը»:
ԸՆՏՐՈՎԻ
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդը երեկ խորհրդարանում հանդիպել է հայ կին պատգամավորների հետ: Սակայն այդ հանդիպմանը մասնակցել են միայն իշխող կոալիցիայի անդամ կանայք, այն էլ` ՀՀԿ-ից մասնակցել են ոչ բոլորը` Հերմինե Նաղդալյանը, Ռուզան Մուրադյանն ու Շուշան Պետրոսյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Իսկ ահա ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների կին պատգամավորները ներկա չեն գտնվել հանդիպմանը: Հավելենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ուղղությունները, նաեւ կանանց դերի եւ դիրքի բարձրացմանն ուղղված ծրագրերը:
ԿԱԶՄԸ` ԱՆՓՈՓՈԽ
Ինչպես «Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, Սերժ Սարգսյանի հրամանագրով Լեւոն Յոլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: