ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»:

Գագիկ Հարությունյան 1in.am

ՍԴ նախագահն իրականում շատ լավ էլ գիտի, թե ովքեր են իշխանության վերին, միջին եւ ստորին օղակներում, քանի որ հանրապետության ստեղծման պահից ի վեր իշխանության անբաժան մասնիկն է կազմել, երեք նախագահների օրոք զբաղեցրել է բարձրագույն պաշտոններ: Եվ այդքանից հետո Գագիկ Հարությունյանը բորենիներ է անվանում իշխանության միջին օղակներին՝ կարծես թե վերին օղակներում էլ միայն «սրբեր» են հավաքված, ուղղակի հասարակ մահկանացուներս նրանց գլուխների վրայի լուսապսակները չենք տեսնում, բայց փոխարենը, պարբերաբար ականատես ենք լինում վերին օղակների ներկայացուցիչների «սատանայական» գործողություններին:

 

«Այնպես որ, կարող են լինել ե՛ւ ընդհանուր շահեր, ե՛ւ շահերի հակասություններ: Բայց մի բան հստակ է` ՀՀ-ն իր շահերին հակասող որեւէ քայլի չի կարող գնալ»:

Սամվել Նիկոյան 1in.am

ՀՀԿ-ական պատգամավորը նկատի ունի ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը եւ ընթացող գործընթացը: Իհարկե, գեղեցիկ նկարագրություններ ու լղոզված մեկնաբանություններ տալու հարցում իշխանական թիմի ներկայացուցիչներն արդեն բավականին հմտացած են, եւ շատ լավ կլիներ, որ այդ մեկնաբանությունները փոքր-ինչ համապատասխանեին իրականությանը, սակայն, ցավոք, այդպես չէ: ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացում ամեն ինչ չէ, որ Հայաստանի համար շահեկան է, դա գիտակցում են նաեւ իշխանությունները, եւ հավանաբար դա է պատճառը, որ փաստաթղթի ստորագրումը ձգձգվում է:

 

«Ի՞նչ կարիք կա, ամեն մեկն իր պատկերացումն ունի: Ու ինքն ասում է՝ նախ եւ առաջ, ես եմ որոշում, ոնց կնկարեմ, ինչ կնկարեմ, ու ասում է, որ ոչ մեկին նկատի չի ունեցել»:

Հովիկ Աբովյան Tert.am

Տավուշի նորանշանակ մարզպետն արդեն իսկ աչքի ընկավ սրբացվելու անհաջող փորձով: Կողբ գյուղի եկեղեցու պատին արված «Խորհրդավոր ընթրիք» նկարում պատկերված Քրիստոսի 12 առաքյալներից մեկը զարմանալի զուգադիպությամբ չափից դուրս նման էր Հ. Աբովյանին: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ նկարի հեղինակն էր դա խոստովանել, որ նկարելիս նկատի է ունեցել մարզպետին եւ իբր ցանկացել է անակնկալ մատուցել նրան, մարզպետը հերքում է ակնհայտ նմանությունը, ինչն առավել քան տարօրինակ է եւ մատնող: Հավանաբար փորձի պակասից է, որ մարզպետը սեփական անձը գովազդելու համար ընտրել է ոչ այնքան արդյունավետ տարբերակ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս