ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 3 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժը գյուղի վրա կրակ չի բացել: Օգտվելով համեմատաբար խաղաղ իրավիճակից՝ Չինարիի բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Ս. Սաղոյանը տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային ընկերության ֆինանսավորմամբ գյուղում խմելու ջրագիծ է նորոգվում: Հարցին՝ արդյոք գնդակոծություններից վնասված առանձնատների նորոգման համար Հայաստանի կառավարության կամ որեւէ կազմակերպության կողմից աջակցություն ցուցաբերվո՞ւմ է, գյուղապետը պատասխանեց, որ չնայած Չինարիի բոլոր՝ 400 առանձնատների տերերն էլ աջակցության կարիք ունեն, որովհետեւ ազերիների գնդակները վնասել են տանիքների ծածկերը եւ պատուհանները, սակայն նման օգնություն չի ցուցաբերվում: Այլ պատկեր է Ադրբեջանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանի տարածքների վերականգնման եւ վերակառուցման պետական գործակալությունը շինանյութեր է հատկացրել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի՝ գնդակոծությունից վնասված տանիքների վերականգնման համար, սկսվել է այդ գյուղի բնակիչներից մեկի տան վերակառուցումը:
ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԿՐԱԿԵԼ Է ՈՏՔԻՆ
Բերդի բնակիչ, 1990թ. ծնված Արտյոմ Քոսակյանը, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. փետրվարի 18-ին զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել եւ դիտավորյալ կրակոց է արձակել իր ձախ ոտնաթաթին` սեփական առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որը հանգեցրել է իր կողմից զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ նա անձնական բնույթի խնդիրների պատճառով է նման քայլի դիմել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քոսակյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, ինչը բավարարվել է: Հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Քոսակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը(անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն») եւ նրան դատապարտել կալանքի՝ մեկ ամիս ժամկետով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ