ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր տվյալներով` էական գնային փոփոխություններ չկան»:

Արտակ Շաբոյան 168.am
Մեր` այսինքն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, որի նախագահն է Արտակ Շաբոյանը: Այսինքն՝ իշխանական կառույցի ներկայացրած տվյալներն իրենց բնույթով առհասարակ չպետք է տարբերվեն Տիգրան Մուկուչյանի կամ Ահարոն Ադիբեկյանի կողմից պարբերաբար ներկայացվող տվյալներից: Իսկ թե ինչ գնային փոփոխություններ եւ գների ինչպիսի կտրուկ աճ է լինում Հայաստանում Նոր տարվա նախաշեմին, կարող է իմանալ յուրաքանչյուր մարդ` ընդամենը խանութներ մտնելով: Ու այդ սարսափելի գնաճը հասկանալի պատճառով չեն նկատում միայն իշխանական կառույցները:

 

 

«Քաղաքային իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն ավելի լավ է` մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր դռան առաջը»:

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»
Երկրի իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ին եւ նրա մասը կազմող քաղաքային իշխանություններին գովաբանելու եւ ամեն գնով արդարացնելու, պաշտպանելու փոխարեն ավելի լավ կլիներ՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը գոնե մի գործ կատարեր ի նպաստ ժողովրդի: Բայց դե ի՞նչ ենք խոսում, ՀՀԿ-ն ուր, ժողովուրդն ուր… Իսկ սեփական դռան առջեւից ձյունը, կարծում ենք, մեր քաղաքացիներից շատերը մաքրում են եւ երբեք էլ չեն զլացել: Սակայն դա չի նշանակում, թե նրանք պետք է կատարեն նաեւ քաղաքապետարանի գործը: Հակառակ դեպքում քաղաքապետարանն ի՞նչ անի, միայն դալաններում նկարչությա՞մբ զբաղվի:

 
«Թուրքիայի ԱԳ նախարարը խուսափեց հայ լրագրողների այնպիսի հարցադրումներից, որոնք կընդգծեին թուրքական դիվանագիտության ֆիասկոն»:

Գագիկ Մինասյան Panorama.am
Հայաստանի արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժի ներկայացուցիչներն այլ երկրների դիվանագիտության ֆիասկոյի մասին խոսելուց առաջ լավ կլինի հիշեն ՀՀ արտաքին քաղաքականության խայտառակ ֆիասկոն, որին պարբերաբար ականատես ենք լինում հատկապես վերջին շրջանում, եւ կարիք էլ չկա ամեն անգամ հերթով թվարկել բոլոր խայտառակությունները: Միայն իշխանությունների կողմից, դեռ ռիսկերը չհաշվարկած, Մաքսային միություն մտնելու մասին որոշում կայացնելն արդեն իսկ բավական է, որպեսզի ՀՀԿ-ականների` այլ երկրների արտաքին քաղաքականությանն ուղղված գնահատականներն առնվազն ծիծաղելի լինեն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս