ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հեղինակած հերթական փաստաթուղթը տեղ է գտել «Վիկիլիքս»-ի հրապարակած դիվանագիտական արխիվում: ԱՄՆ Պետդեպին ուղարկված սույն զեկուցագիրը մանրամասներ է հաղորդում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեության ու սկանդալային լուծարման մասին: Դիվանագետը ներկայացնում է դեպքերի ընթացքը, տեղ-տեղ հանդես գալիս անձնական ծանոթագրություններով, ապա փաստաթուղթն ամփոփում ուշագրավ մեկնաբանությամբ: Բավականին հետաքրքրական է Յովանովիչի այն հավելումը, որ իրենց հավաստի աղբյուրների պնդումներով՝ փաստահավաք խմբի ցրման որոշումը գլխավորապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այս մարմինը պատրաստվում էր հրապարակել կարեւոր մանրամասներ՝ շեշտելով իշխանությունների մեղքն անկարգությունների մեջ:
Դիվանագետը նախ եւ առաջ արձանագրում է, որ 2009թ. հունիսի 8-ին Սերժ Սարգսյանն առանց իր որոշումը բացատրելու հրապարակել է համապատասխան հրամանագիր՝ ցրելով դեռ 2008թ. հոկտեմբերին կազմված Փաստահավաք խումբը: Հեղինակի պնդմամբ՝ Սարգսյանն այս խումբը ստեղծել էր առաջին հերթին միջազգային հանրության քննադատությանն ու ճնշումներին տեղի տալով: Անկախ ուսումնասիրություն իրականացնելու նպատակ հետապնդող այլընտրանքային խմբի ստեղծումը դիվանագիտական շրջանակների կողմից հատկապես կարեւորվել էր վերոնշյալ իրադարձությունները հետաքննող խորհրդարանական պրո-իշխանական հանձնաժողովի առկայության գործոնով: Դեսպանը հավելում է, որ խմբի ցրման նախերգանքը եղել էր նախագահի խոսնակի այն հայտարարությունը, թե իբր ժամանակը ցույց տվեց, որ Փաստահավաք խմբի անդամները պատրաստ չեն իրենց դուրս դնել սեփական քաղաքական հետաքրքրություններից ու հանդես գալ որպես անկախ փորձագետներ: Նկատենք, որ իշխանությունների նմանօրինակ «սրտաճմլիկ» պարզաբանումներն ամենեւին էլ չեն կարող արդարացնել տեղի ունեցածը չբացահայտելու ու պարտկելու գործողությունները: Ավելին՝ ընդդիմությանը մեղադրելով քաղաքական շահարկումների մեջ՝ իշխանությունը, որ օրենքի պարտադրանքով պարտավոր է բացահայտել իսկությունը, ոչ միայն ինքն է հանդես գալիս շահարկումով, այլեւ թերանում է իր պարտականություններում եւ դրանով իսկ հանցանք գործում:
Յովանովիչը հայտնում է, որ խմբի ներսում լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ հրապարակվել է պաշտոնական վարկածը կասկածի տակ դնող զեկույցը՝ կապված ոստիկանության աշխատակցի մահվան իրական հանգամանքների հետ: Խմբի գործունեության դադարեցման առաջին քայլը եղել էր օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի՝ արձակուրդ գնալու որոշումը: Օմբուդսմենն ամերիկացիների հետ զրույցում պատմել է, որ իր ներկայացուցիչն իրեն համարել է երկու կրակի արանքում գտնվող ու անկարող եղել հանդուրժել ստեղծված մթնոլորտը: Դիվանագետի հաղորդմամբ՝ իրենց ընդդիմադիր աղբյուրները հայտնել էին, որ խմբի երեք անդամների՝ արձակուրդ գնալու որոշումը պայմանավորված է եղել բացառապես իշխանությունների ճնշումներով:
Դեսպանը մանրամասնում է, որ ընդդիմությունից իրենց փոխանցել են, թե խմբի ներսում քաղաքական հակասություններ սկսել են կուտակվել դրա ստեղծման պահից: Նույն շրջանակները պնդել են, որ իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողել խմբի ամեն գործողության առաջ խոչընդոտ հարուցելու համար: Յովանովիչը տեղեկացնում է. «Մեզ շշուկներ են հասնում, որ առաջին զեկույցի շուրջ տեղեկատվական հոսքը եւ այն հեռանկարը, որ ընթացքում կարող են իշխանությունների համար վտանգավոր բացահայտումներ լինել, եղավ այն պատճառը, որ խումբը ցրվի»: Այս ամենը բացատրվում է նախ այն հանգամանքով, որ արդեն իսկ առաջին զեկույցով ուղղակիորեն ոչնչացվում էր ոստիկանության աշխատակից Համլետ Թադեւոսյանի սպանության կապակցությամբ իշխանության հռչակած վարկածը: Վերջինիս համաձայն՝ Թադեւոսյանը սպանվել էր պայթուցիկի միջոցով, որը նետվել էր ցուցարարների կողմից: Մինչդեռ խմբի զեկույցը, իշխանական ներկայացուցիչների կողմից ստորագրված չլինելով հանդերձ, փաստում էր, որ հետաքննիչները համապատասխան կարգով չէին հետազոտել ոստիկանի մարմինը, շորերն ու զրահաբաճկոնը: Ավելին՝ առավել հավանական է, որ Թադեւոսյանը մահացել է իր ձեռքում եղած պայթուցիկի անզգույշ եւ անարդյունավետ օգտագործումից: Դիվանագետը ներկայացնելով այս ամենը՝ հավելում է, որ օմբուդսմենի՝ խմբում ներգրավված ներկայացուցիչն իրենց հայտնել էր, որ Փաստահավաք խումբը նախապատրաստել էր անհրաժեշտ փաստաթղթեր իր եզրակացությունը հիմնավորելու համար ու դեռ պետք է դրանք ներկայացներ խորհրդարանական հանձնաժողովին:
Փաստաթուղթն ամփոփելով՝ ամերիկացի դիվանագետը հանդես է գալիս առանձին մեկնաբանությամբ. «Մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությունը հավանաբար երբեք էլ շահեկան չի լինի իշխանությունների համար: Պարզ է, որ իշխանությունները, որ երբեւէ պատրաստակամ չեն էլ եղել Փաստահավաք խմբի ստեղծման գործում ու դրան գնացին, ելնելով ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի ճնշումներից, ի սկզբանե առիթ էին փնտրում կասեցնելու դրա գործողությունը: Այս գործում դեր խաղացին նաեւ ՀԱԿ-ի հարձակումները օմբուդսմենի վրա՝ նպաստելով խմբի ներսում քաղաքական մթնոլորտի ձեւավորմանը: Այս խմբի գործունեությունը եղավ այն հազվադեպ փայլուն քայլերից մեկը, որ արեց կառավարությունը Մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտման գործում: Այս խումբն իրականում մեծ պոտենցիալ ուներ: Դժբախտություն է, որ խմբի կազմավորումը իշխանության համար ակնհայտորեն դիտվում էր լոկ քաղաքական պարտականություն եւ ոչինչ ավելին»,-եզրափակել է ԱՄՆ նախկին դեսպանը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ