«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ՀԱՂԹԵՑ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները մինչեւ հասան դատարան, դատավոր Գագիկ Խանդանյանն արդեն վճիռը կայացրել էր: Օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանը շնորհավորեց «Ժողովուրդ»-ի լրագրողներին՝ հանձնելով իրեն փոխանցված դատավճիռը:

Այսպիսով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը երեկ մերժեց գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «X գրուպ»-ի սեփականատերն օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու եւ գործարար համբավն արատավորելու համար:
Ինչի՞ց էր սկսվել այս պատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում զրպարտության համար: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները, կայացրել էր վճիռ՝ մերժել Խաչատրյանի հայցը՝ այդպես հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:
Բայց Խաչատրյանի եւ օրաթերթի դատական քաշքշուկը սրանով չէր ավարտվել: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանն ի պատասխան ասել էր, թե «դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց էր ներկայացրել գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագրողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով էր մտել դատարան՝ օրաթերթից եւ լրագրողից պահանջելով եւս 3,2 մլն դրամ: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժել էր օրաթերթի հայցը: Այն բողոքարկվել էր մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան եւ մերժվել: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչեւ վերջ պաշտպանելու լրագրողի իրավունքները:
Եվ ահա երեկ պարզվեց, որ դատարանում պարտվեց նաեւ Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին:
Ինչպես ասում են՝ տարոսն «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ ՕԵԿ-ն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը կուսակցության, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա, «Քույրիկ Լեւոն» մականունով հայտնի Լեւոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթ




Լրահոս