Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում՝ հարսանյաց սրահի դիմաց, երկու սպանված երիտասարդների են գտել: Հարություն Հայրապետյանը եւ Կամսար Հակոբյանը, ըստ ամենայնի, քրեական հեղինակությունների «ռազբորկաների» անմեղ զոհեր են:
Ինչպես երեւում է, Վարդենիս քաղաքում եւ հարակից գյուղերում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Օրեցօր արձանագրված դեպքերը գալիս են վկայելու, որ քրեական հեղինակությունները Վարդենիսում ոտքի են կանգնել:
Եվ այսպես, դեկտեմբերի 13-ի գիշերն Ակունքի հարսանյաց սրահի մոտ հնչել են կրակոցներ: Մեզ հասած տեղեկություններով՝ գյուղում գտնվող միակ հարսանյաց սրահի դիմաց նախ ոստիկանները գտել են Ակունքի բնակիչ 22-ամյա Հարություն Հայրապետյանի դին, իսկ ավելի ուշ, երբ սկսել են զննել տեղանքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, հարսանյաց սրահի հետնամասում գտել են նույն գյուղի բնակիչ Կամսար Հակոբյանի դին: Ակունք գյուղի բնակիչներից մեզ հայտնի դարձավ, որ սպանված Հարությունի հայրը` Դերենիկը, եւ եղբայրը` Հակոբը, Սոթքի N զորամասի աշխատակիցներ են: Նշենք, որ Հարությունը նոր էր վերադարձել Ռուսաստանից եւ ամուսնացած չէր:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սոթքի N զորամասի հրամանատար, գնդապետ Գեւորգյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարությունի եղբայրը մեր զորամասում աշխատում է որպես էլեկտրիկ: Լավ պատրաստված, խելոք տղա է, իսկ նրա հայրը` Դերենիկը, երկար տարիներ զորամասում զինվորական է եղել, հիմա թոշակի է գնացել: Նորմալ ընտանիք է: Համենայնդեպս, ես ճանաչում եմ Դերենիկին եւ իր որդուն` Հակոբին, նրանք նորմալ աշխատող մարդիկ են, իսկ Հարությունին անձամբ չեմ ճանաչել, ուստի ոչինչ չեմ կարող ասել»:
Ըստ ակունքցիների՝ մյուս սպանվածի՝ Կամսար Հակոբյանի ծնողները մահացել են շատ վաղուց. «Նա ամուսնացած էր, երեխաներ ուներ: Մի շաբաթ առաջ իր որդուն ուղարկեց բանակ, ու հիմա նրա որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում»: Բնակիչների խոսքով՝ Հարությունն ու Կամսարը բարեկամներ են եղել:
Թեեւ երեկ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան շատ պաշտոնյաներ անձամբ Վարդենիս էին գնացել՝ իրավիճակը հասկանալու եւ գործի բացահայտման ընթացքը վերահսկելու համար, ու փակ էին նաեւ ինֆորմացիոն բոլոր խողովակները, «Ժողովուրդ»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել կատարվածից: Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ սպանված Կամսարն ու Հարությունը միանգամայն անմեղ զոհեր են: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ակունքի հարսանյաց սրահում գյուղի քրեական հեղինակություն համարվող մեկը (անունը չենք գրում՝ անմեղության կանխավարկածը չխախտելու համար) Վարդենիսի մեկ այլ հայտնի քրեական հեղինակության հետ խնջույքի է մասնակցել: Նրանցից մեկը զանգահարել եւ դեպքի վայր է կանչել Հարությունի եղբորը` Հակոբին: Սակայն Հակոբը չի կարողացել գնալ, փոխարենը ուղարկել է եղբորը` Հարությունին: Շատ չանցած կողմերի միջեւ լուրջ վիճաբանություն է սկսվել կամ, ինչպես ասում են, ինքնահաստատման կռիվ: Բանը հասել է նաեւ կրակոցներին. վարդենիսցին կրակել է ակունքցու ուղղությամբ, բայց գնդակները դիպել են վերը նշված կռվի հետ ըստ էության կապ չունեցողներին՝ դառնալով նրանց մահվան պատճառ:
Ակունք գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Հակոբը դեպքից առաջ զանգահարել է եղբորը՝ Հարությունին, եւ ասել. «Գնա՛ տուն, պապան չգիտի, որ դու այդտեղ ես»: Ու հենց այդ խոսակցության ընթացքում հնչել են կրակոցներ: Ավելի ուշ զանգահարել են Հակոբին եւ ասել, թե եղբայրը սպանվել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ այս դաժան սպանությունը միակ դեպքը չէ, որ օրերս գրանցվել է Վարդենիսում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 11-ին Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում դանակահարություն է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ ժամը 14:00-ի սահմաններում ձախ ուսային շրջանի կտրած վերքով, մկանների վնասվածքով, արտաքին սուր արյունահոսությամբ Վարդենիսի հիվանդանոց է դիմել 1987թ. ծնված Արթուրը: Վերջինս հիվանդանոցում ասել է, թե վնասվածքը ստացել է ժամը 01:30-ի սահմաններում Փամբակ գյուղում՝ մորաքրոջ տան բակում վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ Արթուրը վիճաբանություն է ունեցել Անդրանիկի եւ Վարուժանի հետ: Անդրանիկը երեք անգամ դանակով հարվածել է Արթուրի ձախ ուսին: Նշենք, որ տղաների միջեւ վիճաբանությունը եղել է կենցաղային հարցերի շուրջ:
Հիշեցնենք եւս մեկ դեպք. «Ժողովուրդ»-ը դեկտեմբերի 6-ին գրել էր, որ Վարդենիս քաղաքում նոյեմբերի 25-ին կրակոցներ էին հնչել հայտնի «չղջիկների» եւ Սոթքի հանքի աշխատակցի միջեւ: Պատճառը կռվախնձոր դարձած ոսկին էր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ