ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՀՄԱՆՈՒՄ «ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏԻ՞» ԵՆ

Հանրահայտ իրողություն է, որ Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը կենտրոնացած է Երեւանում, եւ ուսանելու, բուժվելու, աշխատանք գտնելու համար մայրաքաղաքի բնակիչներն ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան մարզերում ապրողները: Իսկ սահմանամերձ, հեռավոր մարզերում բնակվողները, բացի տարատեսակ դժվարություններին դիմակայելուց, գտնվում են ադրբեջանական գնդակոծության վտանգի տակ: Սահմանագոտու բնակավայրերում շատ քիչ են հեռարձակվող հայրենական հեռուստաալիքները, որոնց թիվը գնալով էլ ավելի է պակասում: Դեկտեմբերի սկզբից Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի շրջաններում այլեւս չեն հեռարձակվում Հ2 հ/ը հաղորդումները: «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերության Տավուշի մարզի աշխատակիցներից տեղեկացանք, որ հայկական 2-րդ հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է, որ այդ հեռուստաալիքը Տավուշի մարզում կհեռարձակվի միայն մարզկենտրոնում եւ կուրորտային քաղաքում, այսինքն` Իջեւանում եւ Դիլիջանում: Մինչդեռ Հ2-ն իր մասին գովազդելիս նշում է, որ այն հեռարձակվում է ողջ Հայաստանում: Նշենք, որ Հ2-ով ցուցադրվում են ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը: Եվ այսպիսով, փաստորեն, Տավուշի մարզի սահմանագոտու ֆուտբոլասերները զրկվեցին նաեւ այդ հանդիպումները դիտելու հնարավորությունից: Մենք զանգահարեցինք Հ2 հ/ը, որտեղից հայտնեցին, թե Տավուշի մարզի 2 շրջաններում հաղորդումների հեռարձակման դադարեցումը երեւի տեխնիկական խնդիրների հետեւանք է: Տեղեկացրինք, որ դա կապ չունի տեխնիկական խնդիրների հետ, ինչին ի պատասխան` խորհուրդ տվեցին դիմել տնօրինությանը: Սակայն տնօրինության աշխատանքային հեռախոսահամարներին կատարված մեր բազմաթիվ զանգերին պատասխանող չկար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԱՐՃԵԼ ԵՆ

Հունիսի 25-ին Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի աշխատասենյակում քաղաքացի Գոհար Հովհաննիսյանին քաշքշել եւ վիրավորել էին: Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Երեկ` «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, քաշքշուկի ենթարկված եւ վնասվածք ստացած Գոհար Հովհաննիսյանն ասաց, որ հարուցված քրեական գործը կարճվել է. «Գնացել էի ոստիկանություն, որտեղ էլ քննիչ Գեւորգյանն ասաց այդ լուրը: Դեռ չեմ ստացել կարճման ծանուցագիրը ու չգիտեմ` ինչ հիմքով են կարճել, բայց, անկախ ամեն ինչից, դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Ես պահանջել էի փաստաբան, սակայն այդպես էլ չտրամադրեցին, դա էլ դեռ քիչ է` անգամ առերեսում չարվեց: Այդպես գործ են կարճում, հա՞»:




Լրահոս