ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել պետական եւ համայնքային սեփականության հողերի օտարման գործընթացը։ Ի՞նչ կարգով է այն տեղի ունենում։

Ռոբերտ Հարությունյան (64 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու եւ ուղղակի վաճառքի դեպքերի, կատարվում է աճուրդով: Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա: Աճուրդների կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած կարգը ներկայացված է հստակ, հարկ է նկատել, որ քիչ չեն դեպքերը, երբ հանդիպում են խախտումներ եւ կեղծիքներ: Որպես օրինակ կարելի է նշել 2013թ. Վերին Պտղնի գյուղում տեղի ունեցածը, երբ համայնքային սեփականության հողերի օտարումից համայնքի բյուջե էր փոխանցվել մոտ 45 մլն դրամ, սակայն ոչ մի աճուրդ տեղի չէր ունեցել:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, մարզերում ինչպե՞ս են կազմակերպվում մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները։

Սվետա Կարապետյան (37 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Կարապետյանի հարցին ի պատասխան մանրամասնում ենք, որ մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները մարզերում կազմակերպվում են.
Ա. Դպրոցի տնօրենը՝
ՀՀ մարզպետին է ներկայացնում պահանջվող առարկայի մասնագիտական անվանական հայտը՝ հիմնավորմամբ: Հայտում նշված պետք է լինի անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելը եւ ավարտած դպրոցը՝ հայտը ներկայացնող դպրոցի կնիքով հաստատված: Տվյալ մարզի այլ համայնքի բնակչի համար դպրոցի տնօրենը բացառության կարգով կարող է միայն օտար լեզվի հայտ ներկայացնել՝ դպրոցում որեւէ օտար լեզու չուսումնասիրելը պատճառաբանելով մասնագետի բացակայությամբ:
Բ. Համայնքի ղեկավարը՝
Հաստատում է դպրոցի տնօրենի կողմից ներկայացված հայտում նշված անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելու իսկությունը՝ իր ստորագրությամբ եւ կնիքով:
Գ. ՀՀ մարզպետերը՝
Հավաքագրում, ամփոփում են մարզի համայնքներից ստացված հայտերը, ուսումնասիրում հիմնավորումները, վերահաստատում, եւ մարզի նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն (անվանացանկին պետք է կցված լինեն դպրոցների տնօրենների հայտերի բնօրինակները):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով, 2012-2013թթ. ուսումնական տարում քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 21536, իսկ գյուղական բնակավայրերում 19294 ուսուցիչ, կամ ուսուցիչների ընդհանուր թվաքանակի 47.3 տոկոսը:

 




Լրահոս