«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել 2009թ. օգոստոսի 8-ին, որի մասին հաղորդումը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինիս զեկուցագրում ամփոփված են կողմերի ուշագրավ մեկնաբանությունները ԼՂ հակամարտության շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀՀ ներքաղաքական դրությունը, «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրի կասեցման արդյունքները եւ այլն:
Խոսելով Ղարաբաղի հարցից՝ Լ. Տեր-Պետրոսյանը նախ եւ առաջ կրկնել է իր այն միտքը, որ ժամանակը չի աշխատում հօգուտ մեզ, եւ վատնված տասը տարիները հարաբերականորեն թուլացրել են Հայաստանը: ՀԱԿ առաջնորդի կարծիքով՝ «այս ամենին նպաստել է ոչ միայն Հայաստանի մեկուսացվածությունը, այլեւ ոչ լեգիտիմ եւ խոցելի իշխանության առկայությունը»: Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ տվյալ պահին Ադրբեջանը շատ ավելին կշահի բանակցությունների արդյունքում կնքվելիք համաձայնությունից, քան «օրինակ 5 տարի առաջ»: Մատնանշելով ընդդիմության մոտեցումները միջպետական հակամարտության կարգավորման հարցում՝ առաջին նախագահն արձանագրել է, որ իրենք համաձայնության ժամանակ խնդիրներ չեն հարուցելու: Նա վստահեցրել է, որ եթե Մադրիդյան սկզբունքներին համապատասխան համաձայնություն ձեռք չբերվի, ապա լուծման հաջորդ տարբերակը լինելու է շատ ավելի վատը, որի այլընտրանքը կլինի պատերազմը: Տեր-Պետրոսյանը, սակայն, շտապել է հավաստիացնել, որ եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի համար բացասական լուծման գնա, ապա ՀԱԿ-ն իր ուժերի ներածին չափով փորձելու է կանխել դրա իրագործումը: «Ավելին, եթե իշխանություններն ազատ չարձակեն դեռ բանտում գտնվող մեր 23 ընկերներին, ապա ՀԱԿ-ը Սարգսյանի դեմ սկսելու է անզիջում պայքար բոլոր օրինական միջոցներով»:
Անդրադառնալով Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցություններին՝ Մեթյու Բրայզան տեղեկացրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած քայլ առ քայլ մոտեցումն այսօր դարձել է նախատեսված համաձայնության հիմնասյունը. «ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ օժանդակությունը միասնական լուծման կառույց է ստեղծում երկու ժողովուրդների համար»: Բրայզայի կարծիքով՝ նախագահների 2009թ. համատեղ հայտարարության մեջ նշված 6 կետերն ընդհանրական են եւ չեն մասնավորեցվում, որպեսզի երկու ժողովուրդներին ցնցումների մեջ չգցեն: Ամերիկացի համանախագահը վստահեցնում է. «Ադրբեջանում, թեեւ Ալիեւը հասարակական շրջանակներին փորձում է համոզել, որ իրենք ուժեղ դիրքերում են, բայց եւ նույն պահին ժողովրդին փորձում է նախապատրաստել հնարավոր համաձայնությանը՝ ասելով, որ դա Ադրբեջանի համար կլինի հաջող լուծում: Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը պետք է հասկացվի որպես լոկ հռետորաբանություն, որ արտահայտում է հասարակության տրամադրությունները եւ պահանջները կառավարելու իշխանությունների փորձերը»:
Քննարկելով ԼՂ բանակցությունները վարող կողմերին՝ Մինսկի խմբի նախկին համանախագահը նկատել է, որ «քաջության ու ուժեղության բացակայությունը, հատկապես Սարգսյանի կողմից, կարգավորմանը խանգարող հիմնական հանգամանքն է»: Չմոռանալով Ադրբեջանի նախագահին՝ Բրայզան կարծիք է հայտնել, որ նա էլ չպետք է գերագնահատի իր ուժերը: Բանակցային գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող Ռուսաստանի պարագան քննելիս Տեր-Պետրոսյանը հետաքրքրվել է, թե ինչ դիրք ունի այդ երկիրը եւ արդյոք խոչընդոտներ չի հարուցելու հարցի իրական կարգավորման ժամանակ: Բրայզան, չհերքելով նման մտավախությունը, հայտնել է, որ, դատելով Մեդվեդեւի (ՌԴ նախկին նախագահ-հեղ.) քայլերից, կարելի է կարծել, որ Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել խնդիրը՝ «հավանաբար կամենալով վերականգնել իր խաթարված հեղինակությունը վրացական պատերազմից հետո»: Դիվանագետի համոզմամբ՝ եթե Ռուսաստանի ունեցած դիրքը Հայաստանում անառարկելի է, ապա Ադրբեջանի պարագայում հավանաբար սիրաշահելու անհրաժեշտություն է զգացվում: Լ. Տեր-Պետրոսյանը, սակայն, չի կիսել ամերիկացու լավատեսությունը՝ նկատելով, որ եթե Ռուսաստանը չկամենա, ոչ մի առաջընթաց էլ չի կարող լինել: ՀՀ առաջին նախագահի համոզմամբ՝ Ռուսաստանին չի հետաքրքրում խնդրի իրական լուծումը, ՌԴ-ն դա ընդամենը օգտագործում է Հայաստանն ու Ադրբեջանն իրենից կախվածության մեջ պահելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի ներքաղաքական դրությունը, որի առնչությամբ Բրայզան հետաքրքրվել է, թե ինչպիսի արձագանք ու ազդեցություն ունեցավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցումը երկրում: Տեր-Պետրոսյանը պարզաբանել է, որ իրենց առավելապես հետաքրքիր է միջազգային հանրության ճնշումն իշխանությունների վրա ժողովրդավարական հիմնահարցերի համատեքստում, իսկ ՀՄ-ի կասեցումն ավելի շատ վնաս է հասցնում հասարակ քաղաքացիներին: Ըստ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանին ավելի շատ հետաքրքրում է սեփական գրպանի ապահովությունը, քան թե իմիջն ու հեղինակությունը: Նա նաեւ պնդել է, որ ՀՄ-ի կասեցումը բավականին փոքր քայլ էր՝ համեմատած նրա հետ, թե ինչքան նոր պարտքեր է կուտակել Հայաստանը վերջին տարում. «ՀՄ-ի կորուստն ընդամենը մի գդալն է»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ