ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀՈԳՆԵ՞Լ ԵՆ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեցին Եվրոպայի արագ եւ կայծակնային խաղի առաջնությունները: Մրցաշարը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Դրան մասնակցում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ մի քանի այլ հայ շախմատիստներ:
Հիշեցնենք, որ Լեհաստանն այս տարվա նոյեմբերին հյուրընկալել էր նաեւ շախմատի Եվրոպայի տղամարդկանց ու կանանց թիմային առաջնությունները, որոնցում հայկական երկու ընտրանիները, ցավոք, անմասն եղան մրցանակային տեղերից: Նույնը կատարվեց նաեւ թուրքական Անթալիայում կայացած շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում, որտեղ հայ գրոսմայստերները վայր դրեցին աշխարհի գործող չեմպիոնի իրենց տիտղոսը։ Ի դեպ, մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանն էլ աշխարհի առաջնությունում առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճելուց հետո առայժմ անհաջող է հանդես գալիս դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվող շախմատի մրցումներում՝ արագ, կայծակնային եւ բասկյան համակարգի ձեւաչափերով: Հավանաբար, մեր առաջատար շախմատիստները հոգնել են։

 

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Գալաթասարայ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենթուս»-ին եւ ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Football Italia»-ի տեղեկացմամբ` այս հանդիպումից հետո Իտալիայում թուրքական ակումբին մեղադրում են անարդար պայքար մղելու մեջ: Նշվում է, որ ձյան պատճառով հետաձգված խաղից հետո Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտի միայն այն հատվածն է մաքրվել, որում 2-րդ խաղակեսի ընթացքում պետք է գրոհեր «Գալաթասարայ»-ը: Ինչպես գիտենք, դիմակայությունը վերախաղարկվեց 31-րդ րոպեից, այսինքն՝ լավ մաքրված հատվածում «Յուվենթուս»-ը խաղաց միայն առաջին խաղակեսի վերջին 14 րոպեն: Որպեսզի իրենց ասածն ավելի հավաստի լինի, իտալական ԶԼՄ-ները հրապարակել են այն նկարները, որոնցում պարզ երեւում է խաղադաշտի երկու հատվածների տարբերությունը:
«Յուվենթուս»-ը հիշել է նախորդ մրցաշրջանի այն դեպքը, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ՉՖՌ-ի հետ խաղում թուրքերը կրկին այս հնարքին էին դիմել` ընդմիջման ժամանակ կարգի բերելով խաղադաշտի միայն մի հատվածը: Այդ ժամանակ ռումինական կողմը նույնպես մեղադրել էր «Գալաթասարայ»-ին: Ցավալի է, բայց համոզված ենք, որ թուրքերի այս արարքը որեւէ արձագանք չի ստանա, եւ «Գալաթասարայ»-ի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվի։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս