ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՄՈՆՈՊՈԼԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն օրերս այցելել է Արարատի մարզի մի քանի ձկնային տնտեսություններ: Այցի ընթացքում նա ձկնաբուծարանների ղեկավարներին առաջարկել է անցնել փակ կամ կիսափակ ցիկլով աշխատանքի` վստահեցնելով, որ այդ համակարգի գործարկումը հնարավորություն կտա ավելի ռացիոնալ օգտագործել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի պաշարները: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ նոր համակարգի ներդրման հիմնական նպատակը ոլորտը մոնոպոլացնելն է:

Այն, որ ստորգետնյա ջրերն անխնա օգտագործող ձկնաբուծարանների պատճառով առաջիկայում ողջ Արարատյան դաշտավայրը կանգնելու է անապատացման վտանգի առջեւ, արդեն իսկ տեսանելի է ոչ միայն բնապահպաններին, այլեւ համապատասխան պետական կառույցներին: Ու թերեւս պատահական չէ, որ այս հարցով սկսել է զբաղվել գյուղատնտեսության նախարարությունը, այն էլ Սերժ Սարգսյանի հանձնարարականով. «Կարեւորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը՝ ՀՀ նախագահի մոտ 2013թ. սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է գործնական քայլեր կիրառել Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ»:
Նշենք, որ գյուղնախարարն այցելել է միայն խոշոր ձկնաբուծարաններ՝ «Էկոֆիշ թրեյդ» եւ «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.», որոնք համաձայնել են ջրի խնայողության նպատակով ներդնել կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:
Ձկնարդյունաբերության ոլորտը կարգավորելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները: Խոշոր ձկնարդյունաբերողներին տրվել է 1 տարի, միջիններին` 3, իսկ փոքրերին՝ 5 տարի` անցնելու կիսափակ ջրօգտագործման ռեժիմի:
Մասնագետների կանխատեսմամբ՝ համակարգի ներդրմամբ ոլորտը դառնալու է մոնոպոլ: Բանն այն է, որ այս համակարգից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ: Իսկ եթե մանրերին ստիպեն լուրջ ծախսեր անել, ապա վերջիններս պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը: Նշենք, որ արդեն իսկ անցած մեկ տարում փակվել է ավելի քան 50 ձկնային տնտեսություն:
Ընդ որում, ձկնարտադրողների գերակշիռ մասն ունի վարկային մեծ պարտավորություններ եւ հիմա հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ հայաստանյան բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել` ոլորտը համարելով ռիսկային: Լավագույն դեպքում համաձայնում են վարկեր տալ չափազանց բարձր տոկոսադրույքներով:
63-ամյա ձկնաբույծ Արգամը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգի պարտադիր ներդրումը համարեց անընդունելի. «Ջրօգտագործման թույլտվություն տալիս են միայն երեք տարի ժամկետով: Հիմա Հայաստանի ձկնաբույծները հայտնվել են անորոշության մեջ, քանի որ ժամկետը լրացել է, եւ փորձում են բնապահպանության նախարարությունից ջրօգտագործման թույլտվություն ստանալ: Սակայն նախարարությունից էլ պատասխանում են, թե մի՛ անհանգստացեք, գնացե՛ք, վա՛ղը եկեք, կտանք, հաջորդ օրը գնում ենք, բայց նորից հետ են ուղարկում: Հիմա ասե՛ք, թե ինչպես վարվենք: Հետո էլ կգան ու կասեն, թե այն խորքային հորերը, որոնք չունեն թույլտվություն, փակում ենք, ավելին, պետք է տուգանենք: Խաղից դուրս ենք»:
Այս համակարգի ներդրումը ձկնաբույծները նմանեցնում են 2011թ. ջրաչափ տեղադրելու կառավարության պարտադրանքի հետ, որը, սակայն, չգործեց: Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ջրաչափերը պարտադիր պետք է տեղադրվեն բոլոր ձկնաբուծարաններում, իսկ խուսափողները պատասխանատվության կենթարկվեն: Սակայն մասնագետները դեռ այն ժամանակ ահազանգում էին, որ խոշոր խմբաքանակներով ներկրված ջրաչափերն իրականում պետությանը զգալի կորուստներ են պատճառելու, որովհետեւ խորքային հորից արտամղված ջրի քանակը պակաս են ցույց տալիս:
Իսկ «Էկո ֆիշ»-ի սեփականատերերից մեկը՝ Հովիկ Թադեւոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Մենք փորձնական ենք ներդնելու այդ համակարգը: Ասում են, որ այն ավելի արդյունավետ է: Այսինքն՝ մենք սա հասկանալու համար պետք է համատեղ դնենք, դրա համար նախատեսված գումարի մի մասը գյուղնախարարության կողմից է լինելու, իսկ որոշ մասն էլ՝ մեր կողմից: Փորձենք, տեսնենք՝ արդարացնելու է այն, թե ոչ»:
Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում որեւէ ոլորտում նոր համակարգերի ներդրումը պայմանավորված է այդ ոլորտը մոնոպոլացնելու որոշ օլիգարխների ցանկությամբ` ՀՀ իշխանությունների «բարեփոխիչ» հովանու ներքո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս