ՊԱԼԱՏԱԿԱՆ ԳՐՈՂ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող Լեւոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է, նրան Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ծաղկաձորի գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում գտնվող Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչն ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: «Տեղեկության նպատակն իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որեւէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,-գրել է Մ. Մանուկյանը:
Panorama.am-ը փորձել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանից ճշտել՝ արդյոք պատրաստվում է այդ հարցով դիմել կառավարությանը: Միլիտոնյանն ասել է, որ այդ պահին Երեւանից դուրս է, մասնակցում է Մուշեղ Գալշոյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը եւ կարող է պատասխանել միայն Երեւան գալուց հետո: Սակայն նաեւ հավելել է, որ զբաղվել է այդ հարցերով, գրողի որդու հետ կկապվի եւ ավելի ճշգրիտ կիմանա` ինչն ինչոց է։ Դե, իհարկե, մեր պաշտոնյաների համար կարեւորը միջոցառումներն են, տեսախցիկների առջեւ երեւալը, դասականների մասին ճառեր արտասանելը, մրցանակներ հանձնելն ու ստանալը… Բայց, ամեն դեպքում, հույսներս չենք կորցնում, որ ՀԳՄ նախագահը, կառավարությունը, ինչու չէ, որեւէ մեծահարուստ անմիջապես կարձագանքեն, եւ գրողն անհապաղ կտեղափոխվի Հայաստան։
Ուզում ենք ընթերցողին հիշեցնել, որ հայ ժամանակակից արձակի լավագույն նմուշների` «Սեւ գիրք, ծանր բզեզ», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպերի, բազմաթիվ պատմվածքների հեղինակ Լեւոն Խեչոյանն այն քչերից, կարելի է ասել՝ «սպիտակ ագռավներից» մեկն է, ով հրաժարվել էր մրցանակից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալից։ Իր այդ քայլը նա հիմնավորել էր նրանով, որ «երկրից արտագաղթը հասել է նման չափերի», իսկ իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում: Այսինքն՝ Լեւոն Խեչոյանը «պալատական գրող» չէ։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին պետական պարգեւներից հրաժարվելը երկրում տիրող իրավիճակով էին պայմանավորել երաժիշտ Օհան Դուրյանը եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
Հ.Գ. ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա նախարարությունը 8 մլն դրամ է փոխանցել Խեչոյանի տեղափոխման ծախսը հոգալու համար:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս