ՀԱՐՑ. Ցանկանում եմ առեւտրով զբաղվել, ինչի համար որոշակի տարածք է անհրաժեշտ: Խնդրում եմ տեղեկացնել` դրա իրականացման վայրի կազմակերպումն արդյոք լիցենզավորման ենթակա է, թե ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում լիցենզավորման համար նախատեսված պետական տուրքի գումարը:
Հովհաննես Տոնոյան (55 տարեկան, առեւտրական)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Տոնոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով,
18.14.2. մարզկենտրոններում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով,
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավականին հնչեղ թվեր են ներկայացված պատասխանում, որոնց պատճառով սկսնակ գործարարներին կայանալու հնարավորություն չի տրվում: Արդյունքում՝ այսօր ամենուր կարելի է տեսնել չգործող խանութներ, առեւտրի կետեր եւ նմանատիպ «անհույս» կառույցներ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե հաշմանդամություն ունեցող անձինք ինչպիսի թոշակ հնարավորություն ունեն:
Լաուրա Բաղդասարյան (34 տարեկան,
տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
1. աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի,
2. զինվորական` երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում,
3. սոցիալական` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում:
Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեման շատ հրատապ է մեր երկրում: Գաղտնիք չէ, որ նման կարգավիճակ ունեցող անձինք անընդհատ ընկնում են թղթաբանական քաշքշուկների մեջ պետության կողմից տրամադրվող չնչին ֆինանսական օժանդակությունը ստանալու համար: Էլ չենք խոսում նրանց աշխատատեղերի եւ ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին: Ինչպես եւ շատ այլ դեպքերում, այս դեպքում եւս ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների դրույթները Հայաստանում չեն պահպանվում: