Մինչ ԱԺ 4 խմբակցությունները դիմում են ՍԴ` վիճարկելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի օրինականությունը, կառավարությունը պատրաստվում է կյանքի կոչել հերթական «բարեփոխումը»:
Խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին է, որը ծրագրվում է գործարկել արդեն 2015թ.-ից: Երեկ կառավարությունը առողջապահական գործակալությանը հանձնարարել է համապատասխան հայեցակարգ մշակել: Նշենք, որ 2012թ.-ից սկսած՝ պետական աշխատողների սոցիալական փաթեթներով պետությունն ինքն էր վճարում առողջապահական ապահովագրության համար: Իհարկե, սոցփաթեթների առողջապահական բաղադրիչից շատերն էին դժգոհում՝ այն համարելով անարդյունավետ: Սակայն հիմա, պարզվում է, պետաշխատողները նաեւ դրանից են զրկվելու, քանի որ պետությունը պատրաստվում է այդ պարտավորությունը եւս իր ուսերից դնել շարքային քաղաքացու վրա:
ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը «Ազատությանն» ասել է, թե նախնական հաշվարկներով հիվանդանոցային ծառայությունների շրջանակում համակարգի ներդրման դեպքում քաղաքացին ստիպված կլինի ամսական վճարել մոտ 3 հազար դրամ, իսկ եթե դա տարածվի նաեւ արտահիվանդանոցային ծառայությունների վրա, ապա այդ թիվը կարող է հասնել մինչեւ 6 հազարի:
Արդյոք այսօր 155 հազար դրամ միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ` կենսաթոշակի համար ամեն ամիս վճարվող 7,7 հազարից բացի, դեռ մի 5 հազար դրամ էլ մուծել բժշկական ապահովագրության համար: Պատասխանը առավել քան ակնհայտ է: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հաշվի չի առնում այս իրողությունը:
Օրերս կուտակային կենսաթոշակային համակարգի մասին իր դրական կարծիքն արտահայտեց նաեւ Սերժ Սարգսյանը` դեռ մի բան էլ կշտամբելով նախորդ իշխանություններին` այն ավելի վաղ չկիրառելու համար: Ընդ որում, այս հարցում Ս. Սարգսյանն իրավացի է` այն առումով, որ իր պաշտոնավարումից առաջ ՀՀ-ում կենսամակարդակը զգալիորեն բարձր էր, եւ եթե այս համակարգի ներդրումը սկսվեր, օրինակ, 7 կամ 8 տարի առաջ, ապա այն այդքան ցավոտ չէր լինի: Ասել է թե` յուրաքանչյուր բարեփոխում, անկախ դրա արդյունավետության աստիճանից, անհրաժեշտ է ներդնել միայն դրա գործունեության համար բավարար միջավայրի, անհրաժեշտ պայմանների ապահովումից հետո:
Մինչդեռ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անցած տարիների ընթացքում փորձել է տարբեր բարեփոխումներ իրականացնել` առանց այդ հիմքը ստեղծելու:
Եվ եթե կառավարությունում այսօր հիշեցնում են ԱՊՊԱ-ն` որպես հաջողված փորձ, ապա վատ չի լինի հիշել նաեւ ձախողված «բարեփոխումների», օրինակ` տաքսիների մաշվածության եւ դեղին համարանիշների մասին: