Ի՞ՆՉ ԵԼՆԵՆՔ, ԱՄԲԻՈՆԻՑ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԽՈՍԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարություն Ղարագյոզյանը ՀՀ ԱԺ ամենայուրօրինակ պատգամավորն է: Նա միակն է, որը պատգամավոր է եղել ՀՀ բոլոր գումարումների խորհրդարանում` ե՛ւ 1990-1995թթ. Գերագույն խորհրդում, ե՛ւ 1995-1999, ե՛ւ 1999-2003, ե՛ւ 2003-2007, ե՛ւ 2007-2012, ե՛ւ 2012թ. ձեւավորված խորհրդարաններում: Միայն թե, այս ողջ ընթացքում Հ. Ղարագյոզյանի ձայնը երբեւէ չի հնչել ԱԺ-ում. նա ո՛չ դահլիճում է որեւէ հարցի վերաբերյալ ելույթ ունեցել, ո՛չ էլ հանձնաժողովների նիստերում: Ավելին, բացառությամբ վերջին գումարման խորհրդարանի, երբ ԲՀԿ-ն չանդամակցեց իշխող կոալիցիային, Ղարագյոզյանը մշտապես անդամակցել է իշխանական ուժերին` ՀՀՇ, ՀՀԿ եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ»-ը նրա հետ զրուցեց այս թեմայով:

-Ձեզ ինչպե՞ս է հաջողվել ՀՀ բոլոր գումարումների խորհրդարաններում ընտրվել պատգամավոր: Ո՞րն է գաղտնիքը:
-Ի՞նչ ասեմ: Ժողովուրդն ընտրում է, մենք էլ ընտրվում ենք:
-Վերջին անգամները ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով եք պատգամավոր դառնում: Այսինքն` անձամբ Ձեզ չեն ընտրում:
-Դե երեւի արժանիքներ ունենք, որ ընտրվում ենք մարդկանց կողմից:
-Իսկ ինչո՞ւ ելույթներ չեք ունենում. ամենալռակյաց պատգամավորն եք:
-Մենք ընդհանրապես ցանկացած հարց, որ մտնում է հանձնաժողով, քննարկում ենք այնտեղ: Հանձնաժողովներում քննարկում ենք էդ ամենը: Կամ եթե հարցեր են լինում ժողովրդի կողմից, դիմումներ են գալիս, ես դիմումներով զբաղվում եմ, նախարարություններ եմ ուղարկում, պատասխանները ստանում եմ, պատասխանները բավարարում եմ: Դրա համար էլ իմաստը չեմ գտնում, որ գնամ, ԱԺ ամբիոնում ելույթ ունենամ: Եթե հարցով դիմում են, հարցը բավարարում եմ, մի հատ էլ դրանից հետո ի՞նչ ելնեմ, ամբիոնից էդ մասին խոսեմ:
-Ամբիոնից օրենքների նախագծերի վերաբերյալ կարող եք տեսակետներ հայտնել:
-Դե օրենքների վերաբերյալ եթե մեր հանձնաժողովով անցնում է, տեսակետ հայտնում ենք: Մի հատ էլ ի՞նչ ելնենք, ամբիոնից խոսենք նույն բանը:
-Չե՞ք նեղվում այն փաստից, որ ԲՀԿ-ն այլեւս իշխանության մաս չի կազմում. Դուք միշտ եղել եք իշխանական թեւում:
-Չէ՛, ի՞նչ է եղել: Բոլոր օրենքները, որ ի նպաստ ժողովրդի են, լավ օրենք են, մենք քվեարկում ենք կողմ:
-Որոշ դեպքերում կառավարությանը դեմ եք քվեարկում քաղաքական որոշմամբ: Դրանից հետո, օրինակ, նույն վարչապետը Ձեզ չի՞ ասում, թե ինչու այսպես արեցիք:
-Դե դա արդեն խմբակցության որոշումն է, եթե նման որոշում են կայացնում, կատարում ենք:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս