Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական եւ նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին Հայաստանում են: Ձեր գնահատմամբ` դա հերթական այցելությո՞ւն է, թե՞ Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպումից հետո կարելի է բանակցային գործընթացի նոր ակտիվություն ակնկալել, որին էլ միտված է այս այցելությունը: Ձեր սպասելիքները, խնդրեմ:
-Ուղղակի ընդհանուր գաղափարն այն էր, որ Վիեննայում հանդիպելուց հետո ոնց որ թե եղել է դրական խնդիր, մարդիկ փորձում են իրենք այդ դրականը կառուցել: Հիմա թե ինչքան կստացվի կառուցելը, այլ հարց է: Նշվել է, որ փորձում են հանդիպում կազմակերպել արտաքին գործերի նախարարների միջեւ, ու իրենք արդեն պետք է հանդիպեին նրանց հետ, բայց քանի որ իրենք եկել են Հայաստան, անպայման հանդիպում են նախագահի հետ, երեւի փորձում են դրական խնդիրներ գտնել, դրական երեւույթներ տեսնել: Այնպես որ, նման հանդիպումները ես շատ նորմալ եմ համարում: Ես մի բան գիտեմ, որ ինչքան բանակցեն, այնքան պատերազմի հավանականությունն ավելի հեռու է լինելու: Այդտեղ որեւէ վատ բան չկա, երբ տեսնում ենք, որ համանախագահները կրկին եկել են: Առհասարակ, ես չեմ կարծում, որ այսօր մի խնդիր կա, որ պետք է արագացնել գործընթացը: Լավագույն դեպքում կարելի է ասել, որ ԼՂՀ-ի հարցը կլուծվի այն դեպքում, երբ բանակցային սեղանի շուրջ կհրավիրվի նաեւ Արցախը: Մինչեւ այդ ամենը չլինի, մնացած այլ հանդիպումներն ուղղակի կլինեն գեղեցիկ հանդիպումներ:
-Այսինքն՝ պետք չէ՞ ամեն անգամ ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից կարող է ինչ-որ բան փոխվել:
-Գալիս են, ուղղակի բարիդրացիական ինչ-որ բաներ են ճշտում, հաստատում, բայց ակնկալել, թե վաղն ինչ-որ հարց է լուծվելու, ո՛չ:
-Սերժ Սարգսյանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, սակայն այդ իրավիճակում վերջինս շտապ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Եվ դրանից այնպիսի տպավորություն է, թե համանախագահների հետ այս հանդիպումը վճռորոշ էր, ուստի անգամ ընտանեկան վշտի պայմաններում Ս. Սարգսյանը չի կարողացել այն հետաձգել:
-Պետական այրերը շատ դեպքերում պետք է պետության խնդիրները համարեն առավել կարեւոր ու ավելի վեր դասեն այդ հարցերը, քան միգուցե իրենց ընտանեկան խնդիրները: Ընդհանրապես, այդ հանդիպումներն իրենց բնույթով միշտ էլ կարեւորվել են, բայց պետք չէ այդ հանդիպումներից ամեն անգամ հստակություն պահանջել, այդպիսի հանդիպումները տարիների պատմություն են ունենում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Թորոսյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ում հանդիպում են ունեցել Ս. Սարգսյանի հետ: Պաշտոնապես նշվում է, որ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական եւ նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր: Ինչ-որ բան կարելի՞ է այս հանդիպումից ակնկալել:
-Անկեղծ ասած՝ հանդիպումից տեղեկություններ չունեմ, իսկ ընդհանուր առմամբ համանախագահների գործունեությունը այսօր, փաստորեն, միակ ձեւաչափն է, որը փորձում է կարգավորել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Եվ քանի որ այսօր սա միակ ձեւաչափն է, որը զբաղվում է այս խնդրի լուծմամբ, ես կարծում եմ, որ այն պետք է շատ լուրջ ընդունենք եւ հույսեր կապենք այս ամենի հետ:
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներից ամեն անգամ ակնկալվող տեղաշարժը, սակայն, մինչ օրս տեսանելի չէ: Չե՞ք կարծում, որ այս ձեւաչափն արդեն իրեն սպառել է:
-Նման հակամարտություններին շատ արագ ու հեշտ չէ լուծում տալ, եւ այդ բանակցությունները կարող են տեւել շատ երկար ժամանակ, այնպես որ, այստեղ համանախագահների տրամադրություններն այնքան կարեւոր չեն, որքան կողմերի՝ քաղաքական կամք ունենալու ցանկությունը: Ու համանախագահները հիմնականում աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի կողմերին բերեն նույն տեսակետին: Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք որեւէ բան չեն կարող պարտադրել, ուստի 100 տոկոսով հուսալ, որ համանախագահներն են հարցը լուծելու, ճիշտ չէ: Ճիշտն այն է, որ կողմերն իրենք պետք է համանախագահների օգնությամբ, հորդորներով կարողանան ընդհանուր հայտարարի գալ, իսկ դրա համար, կարծում եմ, ժամանակ է պետք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ