Դեկտեմբերի 15-ին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը եւ իր ընկերուհին` Վարդիկը, ծեծի են ենթարկել թանգարանի երկու աշխատակիցների:
1953թ. ծնված Անիկն Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ ախտորոշմամբ, որտեղ նա հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել Կարեն Արիստակեսյանը:
Նշենք, որ թանգարանը գտնվում է ՊՆ ենթակայության տակ: Իսկ ահա galatv.am-ի հետ զրույցում թանգարանի աշխատակիցները պատմել էին, թե սա առաջին դեպքը չէ, որ տնօրենը մարդ է ծեծում: Ավելին՝ երբեմն էլ ոչ սթափ վիճակով գնացել է աշխատանքի: Նույն աշխատակիցների պնդմամբ՝ Արիստակեսյանը վայելում է ՊՆ համակարգի բարձրաստիճան գեներալների հովանավորությունը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կարեն Արիստակեսյանի հետ:
-Պարո՛ն Արիստակեսյան, կբացատրե՞ք՝ ինչի եք վերածել թանգարանը: Ըստ Ձեր աշխատակիցների` ծեծում ու վիրավորում եք ՊՆ բարձրաստիճան գեներալների հովանու ներքո:
-Այդ ամենը սուտ տեղեկատվություն է: Այնքան տհաճ է այդ ամենը լսելը: Ես այդ մարդը չեմ:
-Անգամ ոստիկանությունն է պաշտոնապես հաստատել, ի՞նչ սուտ տեղեկության մասին եք խոսում: Կինն էլ կրծքավանդակի ձախ կեսի սալջարդով գնացել է հիվանդանոց:
-Չգիտեմ՝ ոնց է այդ վնասվածքը ստացել, համենայնդեպս, ես տիկին Անիկին մատով չեմ կպել, հավանաբար տեսագրությունը պահպանված կլինի, հիմա կկանչեմ, կհանեն: Մարդիկ հավանաբար այլ գործ չունեն՝ մարդկանց վրա ցեխ շպրտելուց բացի:
-Թանգարանի աշխատակիցները նշել են, թե վեճը ծագել է նրանից, որ Դուք սկսել եք մարդկանց անհիմն կերպով կրճատել:
-Ոչ մեկին չեմ կրճատել: Ավելին՝ թանգարանի հսկիչները եւ, առհասարակ, այլ պաշտոնները պետք է համապատասխան լինեն իրենց մասնագիտական կրթությանը: Այսօր թանգարանի հսկիչների մեծ մասը չունի այդ կրթությունը եւ կարող է հավաքարար աշխատել: Այս ամենը պրոցես է: Եթե չհամապատասխանեն աշխատանքին, ու կրճատման անհրաժեշտություն լինի, կկրճատենք:
-Տիկին Անիկն ինչքա՞ն ժամանակ է հսկիչ աշխատում Ձեզ մոտ:
-Երեւի մոտ մի 20 տարի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու բարեփոխում չանենք: Զբոսաշրջիկներն առաջինը շփվում են հսկիչների հետ, որը պետք է համապատասխան կոչում, կրթություն ունենա:
-Դուք 6 տարի հետո նո՞ր հասկացաք, որ տիկին Անիկը չի համապատասխանում հսկիչի «պաշտոնին»:
-Նոր չեմ հասկացել, պարզապես խնդիրներ ունենք՝ թանգարանի հետ կապված, ու աստիճանաբար ենք անում այդ բարեփոխումները: Մշտապես էլ փորձել եմ այդ բարեփոխումներն անել:
-Այնուամենայնիվ, Ձեզնով արդեն ոստիկանությունն է զբաղվում:
-Ես բացատրություն եմ տվել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, եւ ապացուցելու բան չունեմ: Թողնելու եմ, որ ոստիկանությունն ապացուցի, ու վախենալու բան չունեմ, ինչո՞ւ է Ձեզ թվում, որ ես չեմ կարող զայրանալ կամ վատ զգալ: Ես էլ կարող եմ ասել, որ իրենց հարազատները սպառնում են ինձ հեռախոսով:
-Ձեզ սպառնացե՞լ են:
-Ոստիկանությունում բացատրության ժամանակ այդ մասին գրել եմ, ու եթե ինչ-որ բան ունեն իմ դեմ, թող դիմեն դատարան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ