ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին երեկ կալանավորեցին:
Հիշեցնենք, որ Վանիչկան ինքնասպանությունից առաջ զանգահարել է իր հորը` Արամայիսին, եւ տեղյակ պահել, որ ինքնասպան է լինելու: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 12-ին, գտել էին նրա թողած գրությունը, ուր նշված էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը: Այս գործի շրջանակներում նախ ձերբակալվել էր նույն զորամասի զինծառայող Շմավոն Կյուրեղյանը, իսկ զինծառայող Պարույր Մկրտչյանը փախել էր զորամասից: Ավելի ուշ Պարույրին հայտնաբերել էին ու ձերբակալել: Իսկ ահա երեկ էլ դատարանը որոշեց երկամսյա կալանքի տակ վերցնել զինվորներին:
Ինչպես պարզվել էր Վանիչկայի նամակից, զորամասում լարվածությունն առաջացել էր հեռախոսի պատճառով: Իսկ թե որ զինծառայողի հեռախոսն էին գողացել եւ գցել մահացած Վանիչկայի ուսապարկի մեջ, եւ, առհասարակ, ինչ կապ կարող էին ունենալ այս երկու զինծառայողները Վանիչկայի մահվան հետ, դժվար է ասել: Այնուամենայնիվ, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կալանավորված Պարույր Մկրտչյանի քրոջ՝ Անուշ Մկրտչյանի հետ:
Անուշի պատմելով՝ անհետացած հեռախոսը Պարույրինն է եղել, ու երբ նա իմացել է, որ Վանիչկայի մահվան պատճառն իր հեռախոսն է եղել, վախից փախել է. «Զինվորներից Շմավոնը եղբորս ասել է, թե քեզ դատելու են, փախի՛ր, ու նա էլ, երեւի տեսնելով Վանիչկային մահացած վիճակում, վախեցել ու փախել է»:
Ըստ մեր զրուցակցի՝ Պարույրը փախել եւ գնացել է ընկերոջ տուն, իսկ այդ ընթացքում զորամասից եւ ոստիկանությունից զանգահարել են նրա հարազատներին եւ տեղյակ պահել կատարվածի մասին: Անուշի խոսքով՝ դեպքից ժամեր առաջ Պարույրը սպանված Վանիչկայի հեռախոսով զանգահարել է իր հարազատ եղբորը եւ պատմել, թե իր հեռախոսը կորել է. «Դրանից հետո մյուս եղբայրս զանգահարեց Վանիչկայի ձեռքի հեռախոսահամարով, որ նա օգնի խոսել Պարույրի հետ, սակայն այդ հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Շատ չանցած՝ Պարույրն ուրիշի հեռախոսով զանգահարեց եղբորս եւ ասաց, թե այդ համարին այլեւս չզանգես, հեռախոսի տերն ինքնասպան է եղել: Այսքան բան»:
Անուշը նաեւ ասաց, որ դեպքի օրը զինվորներին շտապ շարք են կանգնեցրել, եւ որպեսզի հրամանատարները ոչինչ չնկատեն, Պարույրը հեռախոսը թաքցրել էր իր անկողնու մեջ:
«Ասում են՝ Վանիչկան էլ այդ օրվա օրապահն է եղել, ու երբ տղաները շարքից հետ են վերադարձել, Պարույրը տեսել է, որ հեռախոսը չկա, ու հարցրել է Վանիչկային, թե կարող է՝ տեսել ես հեռախոսս՝ ցույց տալով անկողինը, որտեղ պահված է եղել: Պարզվում է՝ միայն Պարույրը չի եղել ասողը, մի խումբ զինվորներ եւս Վանիչկային ասել են, թե դու ես եղել օրապահը, այստեղ էլ ուրիշ մարդ չկար, պատասխանի՛ր՝ տեսե՞լ ես հեռախոսը, թե՞ ոչ: Այլ բան չգիտենք, միայն այսքանը»,-նշեց կալանավորված զինվորի քույրը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե ով է հեռախոսը գցել Վանիչկայի ուսապարկի մեջ կամ ոնց է այդ հեռախոսն անհետացել անկողնու միջից:
Ըստ Անուշի՝ իր եղբայրը որեւէ կապ չունի Վանիչկայի մահվան հետ, իսկ նրա փախուստը զորամասից պայմանավորված է եղել մեկ հանգամանքով` մտածել է, թե կորած հեռախոսն իրենն է, ու կատարվածի մեջ իրեն են մեղադրելու. «Նա Վանիչկայի հետ մոտ է եղել, ու մենք երբեք չենք լսել, որ բանակից դժգոհի կամ մեկի հետ խնդիրներ ունենա: Ավելին՝ լավ ծառայության համար շատ պատվոգրեր է ստացել: 1,5 տարվա ծառայող է, գնացե՛ք զորամաս ու ինքնե՛րդ հարցրեք, թե ինչ ծառայող տղա է եղել, նա երբեք իրեն վատ բան թույլ չէր տա, չգիտենք, թե ինչ կատարվեց»:
Նշենք, որ 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4 տարի ժամկետով) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ միայն ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ