ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀԱՂԹՈՂ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերթական հաղթական գոտեմարտն է անցկացրել Գերմանիայի Բունդեսլիգայում:
84 կգ քաշային կարգում Արսենը 12:0 հաշվով հաղթել է Բունդեսլիգայում իր արդյունավետությամբ 3-րդ ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից Կոնստանտին Սչնեյդերին: Հիշեցնենք, որ մինչ այս գոտեմարտն Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է եւս 5 գոտեմարտում:
Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը 5-րդ մրցաշրջանն է, որ հանդես է գալիս գերմանական «KSV Aalen 05» թիմում, որի կազմում դարձել է Գերմանիայի թիմային չեմպիոն ու փոխչեմպիոն, իսկ անձնական հաշվարկում ամեն անգամ հաղթել է:
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԴԱՎԻԹ
ՍԱՖԱՐՅԱՆՆ Է
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2013թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 22 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանին:
Լավագույն տասնյակի 2-4-րդ հորիզոնականներն զբաղեցնում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Ռոմիկ Ամոյանը, 5-րդ տեղում հայտնվել է սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, 6-րդը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, 7-րդը՝ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 8-րդն է, իսկ նույն մարզաձեւի ներկայացուցիչ Արթուր Շահինյանն ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւի հետ կիսում է 9-10-րդ տեղերը։
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 9 մարզիկների անուններ՝ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:
Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ