
Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհուրդը օրերս հաստատել է մի շարք ոլորտներում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպատարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) և քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունները: Ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50, 2 մլն, դրամ, որից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ ևս 18.1 մլն դրամը՝ կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման:Ըստ իրականացված ստուգումների արդյունքների՝ Կոտայքում հայտնաբերված խախտումներից ամենամեծ մասը վերաբերում են քաղաքաշինության բնագավառին՝ 22.5 մլն դրամ և ՍԾՏԳ–երին՝ 21.5 մլն դրամ:Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը՝ 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ։ Առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են համապատասխանաբար 3 և 2 մլն դրամ։